11 դեկտեմբերի 2025 – 10:23 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջարկում է Ադրբեջանին համատեղ մշակել ճանապարհային քարտեզ՝ զուգահեռաբար փակելու «Արևմտյան Ադրբեջանի» և Ղարաբաղի հայերի վերադարձի հարցերը։
«Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է գրված է «Ղարաբաղի հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»,–ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո տեղահանված Ղարաբաղի հայեր» ձևակերպումը, հայտնում է 1lurer.am-ը։
«Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։
Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն: Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ և որը հետևանք։
Հիմա ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որ տեղ հասնի: Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բառացել որևէ կոնֆլիկտային իրավիճակ:
Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և այո, եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրականացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»: Մասնավորապես բողոք է հարուցել «Լեռնային Ղարաբաղի հայեր, որոնք դարձել են տեղահանված» ձևակերպումը։ Ադրբեջանը պնդում է, թե նրանք լքել են երկիրը կամավոր, հրաժարվելով վերաինտեգրվելուց, և նրանց փախստական անվանելը դիտարկում է որպես միակողմանի մոտեցում։