Մի քանի տասնյակ քաղհալածյալներով, ձևական ՄԻՊ-ով, մի քանի կալանավորված հոգևորականներով, ատելության չնոսրացող մթնոլորտով ու կեղտոտ օդով էր Հայաստանը նշում դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Ինչպե՞ս են ՀՀ-ում ընկալում մարդու իրավունքների խնդիրը։ Օրինակ՝ ինչպե՞ս են քաղաքանակություն որոշողներն ընկալում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածը՝ «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»։
Մեծ ցանկության պարագայում նույնիսկ հնարավոր չէ ցույց տալ, որ ՀՀ-ում քաղաքականություն որոշողներն առաջնորդվում են այս հոդվածով։ Տպավորություն է, թե ՔՊ-ականները նույնիսկ այս հոդվածը չեն էլ կարդացել։ Հակառակը՝ բազմաթիվ օրինակներ կան, որ մարդկանց դասակարգում են, տեսակավորում, պիտակավորում, վիրավորում, հայհոյում, փռում ասֆալտին ու նվաստացնում նրանց արժանապատվությունը։ Մտավորականներ կան, որ իրենց առանձնահատուկ տեսակ են երևակայում, հասարակությունը բաժանում տեսակների, նեոկաստաների։ Մի քիչ ունևորները վերևից են նայում չքավորներին, արհամարհում աղքատներին, հանիրավի նվաստացնում։ Օրինակ՝ ՀՀ-ում քանի՞ հիմնարկ կա, որի տերը շարքային աշխատողներին դիմում է պարոնով։ Ամեն օր փողոցում կարելի է տեսնել մուրացկանի, նրանց երբևէ ասե՞լ եք՝ «պարոն մուրացկան»։ Մարդու իրավունքների ընկալումն իրապես կփոխվի, երբ միլիոնատիրոջն ու աղքատին վերաբերվենք նույնկերպ, հավասարապես։
Մարդու իրավունքների ցուցադրական ոտնահարման ապացույց է նաև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների կողմից տարածվող ատելության խոսույթը։ 2021-ին միջազգային դիտորդներն են նույնիսկ արձանագրել, որ ՔՊ-ի քարոզարշավում մեծ էր ատելության խոսքի ծավալը։ Կանխատեսելի է, որ 2026-ի ընտրարշավը նույնպես ատելության վրա է խարսխվելու։ Եթե ատելությամբ ընթանա ու ՔՊ-ն վերընտրվի, ապա ավելի շատ են ոտնահարելու մարդու իրավունքները ՀՀ-ում։
Հատկանշական է, որ դեկտեմբերի 10-ի առթիվ Երևանում անցկացվում էր «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողով։
Այս համաժողովը որպես ծաղր է ընկալվում իրականության նկատմամբ։ Մյուս կողմից՝ այն լավատեսություն է ներշնչում, որ առաջիկայում հրաշք է տեղի ունենալու մարդու իրավունքների պաշտպանության մակարդակում։
Իրավապաշտպան համայնքը կարող է այս համաժողովը որակել ծաղր, քանի որ ի՞նչ իրավահավասարության մասին է խոսքը, երբ ընդդիմախոսների նկատմամբ խտրական վերաբերմունքի բազմաթիվ արձանագրումներ կան։ Բարոյախոսները սա կարող են հեգնանք ընկալել, քանի որ ՔՊ-ական իշխանությունը էթիկայից հեռու է, ՔՊ-ական բարձր պաշտոնյաները ակնհայտ անհարգալից են վերաբերվում մարդկանց, ենթականերին, հատկապես քաղաքական մրցակիցներին և ընդդիմախոսներին։ Ո՞ւմ են ծաղրում այս խորագրով համաժողով կազմակերպողները։
Կա նաև չհիմնավորված լավատեսություն, որ այս համաժողովից հետո Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական ղեկավարները եղբայրաբար են վարվելու դիմացինի, ժողովրդի, այդ թվում՝ քաղաքական մրցակիցների հետ։ ՔՊ-ականները չեն ատելու մարդկանց, ժողովրդին, նույնիսկ ընդդիմախոսների, մամուլի հասցեին վատ բաներ չեն ասելու, չեն վախենալու լրագրողներից, լրագրող տեսնելիս՝ հիստերիկ շարժումներ չեն անելու։ Իսկ ժողովրդի հետ խոսելիս ՔՊ-ականի դեմքին հայտնվելու է ոչ թե չար կամ հեգնական, այլ բարի, սիրառատ ժպիտ։
Պարզ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանությունը դաստիարակության խնդիր է՝ խարսխված հավասարության վրա։ Եվ ինչպես մյուս արժեքներն, այնպես էլ մարդու իրավունքներն ու հավասարությունը պետք է սերմանել վաղ հասակից։ Նույնպես և էթիկայի չափանիշները պետք է սերմանվեն դպրոցում որպես արժեքային նորմ։ Այս դեպքում մարդիկ գուցե կհարգեն մարդու իրավունքները, միմյանց կդիմեն պարոնով՝ անկախ կոստյումի արժեքից, հասարակությունը չեն բաժանի տեսակների ու ատելություն չեն տարածի, միմյանց կվերաբերվեն եղբայրաբար, ինչպես գրված է Հռչակագրի 1-ին հոդվածում։ Իսկ եթե բարձր պաշտոնյան շարունակի հայհոյել, իրեն վերին արտի ցորեն պատկերացնի, մտավորականն ու հայտնի մարդիկ ատելություն շնչեն, իրենց կապտարյուն տեսակ երևակայեն, ապա մարդու իրավունքների պաշտպանությունը կլինի ցածր մակարդակում, մարդիկ էլ էթիկայի չափանիշների փոխարեն հակաէթիկայի չափանիշներով կառաջնորդվեն, ինչպես վայել է անքաղաքակիրթ, հետամնաց հանրույթներին։
Թաթուլ Մկրտչյան