
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամփոփելով մարդու իրավունքների միջազգային օրը.
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է՝ հիմնված իրավունքների և ազատությունների մասին համամարդկային արժեհամակարգի և երազանքների վրա: Թե ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքների մասին երազանքները և սկզբունքները մեր երկրում, դատեք ինքներդ.
– Հայաստանում բազմաթիվ մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդման: Ամեն անգամ, երբ փորձում եմ ամբողջականացնել հետապնդման ենթարկվողների թիվը, հայտնվում են նոր հրապարակումներ՝ նոր քրեական վարույթների, նոր հետապնդումների մասին: Իսկ որքան մարդիկ են անցնում գործերով, որոնց մասին հանրությունը չգիտի, որոնց մենք չենք ճանաչում:
– Հայաստանում մի քանի տասնյակ մարդ կալանավայրերում է: Կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ՝ իրենց գաղափարների, խոսքի ու դիրքորոշման համար:
– Կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ՝ չորս եպիսկոպոս, ինչն աննախադեպ է եկեղեցու հանդեպ խորհրդային ռեպրեսիաներից հետո:
– Հայաստանին հսկայական աջակցություն ցուցաբերած բարերարներից մեկը Երևանի կալանավայրում է, մյուսը՝ Բաքվի բանտում: Իսկ Բաքվում ռազմագերու կարգավիճակում հայտնվածների մասին իշխանության ներկայացուցիչներից ասում են՝ ո՞վ էր իրենց ստիպել գնային Բաքվի բանտ:
– Կալանավորվում են իրավապաշտպան-փաստաբանները: Փորձ է արվում ստեղծել մթնոլորտ, որտեղ կզսպվի իրավապաշտպանների ակտիվությունը:
– Մարդիկ բերման են ենթարկվում, իսկ հետո կալանավորվում են հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու և այս իշխանության որոշումների հետ զանգվածային անհամաձայնություն արտահայտելու համար՝ զանգվածային անկարգություն, խուլիգանություն և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։
– Մարդիկ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում ընդամենը արտաբերած խոսքի կամ գրառման համար:
– Գրաքննվում է մարդկանց գրառումները սոցիալական ցանցերում, գրաքննվում է նույնիսկ պատարագը:
– Մարդկանց գաղտնալսում և տեսագրում են օրինական և հակաօրինական բոլոր եղանակներով: Ժուչոկները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մաս: Գաղտնալսում են և՛ ընդդիմադիրներին, և՛ յուրայիններին: Ապօրինի ձեռք բերված ձայնագրությունները օգտագործվում են շանտաժի, մարդկանց վարկաբեկելու, քրեական գործեր հարուցելու նպատակով:
– Ոտնձգության են ենթարկվում լրատվամիջոցներն ու լրագրողները:
– Եկեղեցին քանդելը դարձել է այս իշխանության իդեա ֆիքսը: Ոտնահարվում է եկեղեցու անկախությունը և եկեղեցու ինքնավարությանը միջամտելու արգելքը:
– Խախտվել է խաղաղ համակեցության իրավունքը: Հասարակության մեջ նոր բաժանում է մտցվել: Այլևս արդի չէ սև-սպիտակ, նախկին-ներկա, եվրոպամետ-ռուսամետ տարանջատումը: Ցավոք այսօր հասարակությունը բաժանվել է պայքարողների և կոլաբորացիոնիստների, առայժմ լռողների։
Այսպիսին է մարդու իրավունքների միջազգային օրը հայաստանյան իրականությունում: Մենք դեկտեմբերի 10-ը դիմավորում ենք իրավունքների տոտալ խախտումների և արժեզրկման պայմաններում: Բայց մենք կարող ենք տեր կանգնել մեր իրավունքներին: Ընդամենը պետք է օգտվել այսպիսի իշխանություն չունենալու իրավունքից»: