Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցում կոյուղու վնասման հետևանքով կոյուղաջրերը հեղեղել են ամբողջ փողոցը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցում կոյուղու վնասման հետևանքով կոյուղաջրերը հեղեղել են ամբողջ փողոցը։
Օգտատերերը տեսանյութեր են հրապարակում դեպքի վայրից։
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնել են, որ կոյուղու կոլեկտորի վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Երկու ժամ անց «Վեոլիա Ջուր» ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասի մասնագետները եղել են Զ. Անդրանիկի փողոցում:
«Սակայն կոլեկտորին մոտենալ, որևէ գործողություն անել հնարավոր չի եղել, քանի որ դրա վրա առկա են տներ, խանութներ և այլ ապօրինի շինություններ», – նշվում է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնել են, որ կոլեկտորին մոտենալու, խնդիրը հասկանալու համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի օգնությամբ կատարվել է տարածքի բացազատում, որի արդյունքում էլ 4 մետր խորության վրա գտնվել է մի դիտահոր, այն էլ ամբողջությամբ լցված շինաղբով:
«Այս պահին էլ «Շահումյան» շահագործման տեղամասը շարունակում է իր աշխատանքը, փորձում գտնել խնդիրն ու վերացնել այն», – նշվում է հաղորդագրության մեջ։