«Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Հայ առաքելական եկեղեցու կանոններին, ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և նրանց, կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի»,- Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներպետական իրավիճակի մասին հարցին:
Փաշինյանն ասել է, թե ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում․ «Գիտե՞ք՝ ամենամեծ խնդիրը որն է, այն, որ բարձրաստիճան հոգևորականներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ, իսկ սովորական եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ, և դա խնդիր է, դա վնաս է պատճառում մեր երկրի բարոյական մթնոլորտին»։