«Կեղծ են», «ավելի հիվանդացա», «գոհ եմ». հարցում՝ վարակների դեմ պատվաստվելու մասին

Սուր շնչառական վարակները վերջին շաբաթներին կրկին ուշադրության կենտրոնում են։ Առողջապահության նախարարությունն արձանագրել է, որ Հայաստանում այդ վիրուսներն ակտիվ փուլում են:

Բժշկական կենտրոններում հիվանդների հոսքը զգալիորեն ավելացել է՝ թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների շրջանում։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանի բժշկական կազմակերպություններում հոսպիտալացվել է 717 պացիենտ, ինչը նախորդ՝ դեկտեմբերի 3-ի համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա, հայտնել է նախարարությունը: Հոսպիտալացված դեպքերի 91%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև հոկտեմբեր պատվաստվել գրիպի դեմ ու ժամանակին դիմել բժշկի:

Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ պարզելու, թե մարդիկ պատվաստվե՞լ են, ի՞նչ վերաբերմունք նրանք այսօր ունեն պատվաստումների հանդեպ և եթե չեն պատվաստվել, ապա ո՞րն է պատճառը:

Հարցվածների մի մասն ասել է, որ չի պատվաստվել, քանի որ նախորդ տարիներին դրանք լավ ազդեցություն չեն ունեցել իրենց առողջական վիճակի վրա։

«Չեմ պատվաստվել, դեռ չեմ հիվանդացել։ Մի անգամ առողջ էի, պատվաստվեցի, հիվանդացա, ասում են՝ հիվանդությունից ինչ-որ բաներ են սրսկում, որ դիմանաս, դրա համար մտածում եմ, որ առողջ եմ, ինչի՞ սրսկվեմ։ Ոնց որ գնամ՝ հիվանդացնեն»,- նշել է քաղաքացին։

Մեկ ուրիշն ասել է, որ չի հավատում պատվաստանյութերին. «Ես չեմ պատվաստվելու, պատվաստանյութերը կեղծ են»։

Հարցված քաղաքացիների մի հատված էլ կողմ է արտահայտվել պատվաստվելուն: Նրանցից մեկը շեշտել է, որ ամեն տարի պատվաստվել է. «Շատ գոհ եմ»։

Քաղաքացիներից ոմանք էլ, որ կողմ են պատվաստելում, նշել են՝ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել հաճախել պոլիկլինիկա և ստանալ պատվաստանյութ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment