Խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայր․ Վարդապետյան ու Փաշինյան, ո՞ւր մնացին ձեր խոստումները

Խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայր․ Վարդապետյան ու Փաշինյան, ո՞ւր մնացին ձեր խոստումները

10 դեկտեմբերի 2025 – 18:23 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 10–ին աշխարհում նշում է մարդու իրավունքների օրը, որին նվիրված ասուլիսում խաղաղ պայմաններում զինված ուժերում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն իր ելույթում դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով, որ իշխանությունները կատարեն իրենց խոստումները։

«Մեղավորները պիտի պատժվեն․ Աննա Վարդապետյանը ստախոս է, ինքն իր խոստումը չի կատարում, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, կատարում այլ բան։ Ես տղա եմ տվել պետությանը, պահանջատեր եմ։ Իմ տղայի կյանքը եսիմ ով է խլել Հադրութում, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկում։ Պարոն Փաշինյան, Ձեզ եմ ասում, Աննա Վարդապետյան, Ձեզ եմ ասում, ձեր խոստումները կատարեք, ի վերջո՝ մարդ եք»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։

Նա ցավով նշել է, որ դեկտեմբերի 21-ին կլրանա իր որդու սպանության 15 տարին։

«Մարդիկ ուրախանում են, ես գերեզման եմ գնում, գերեզմանի մեջ եմ տոնածառ դնում, ինչի ես չեմ ուզո՞ւմ, որ այդ տոնածառը ես էլ ունենամ։ Մի՞թե մարդկային զգացողություն չունեք, չեք ասում՝ ի վերջո այս տղաները մեղք են։ Ասեք՝ այո, սպանել են ու վերջ, որ էս ծնողները գնան իրենց տներով»,–ասել է նա։

Իրինա Ղազարյանի խոսքով՝ որդին ծառայել է Հադրութի զորամասում։

«Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ 2010-ի դեկտեմբերի 14-ին, ասաց՝ մամա, նստած ենք թուրքի տարածքում ու հաց ենք ուտում։ Ասել եմ՝ ի՞նչ է եղել, ասել է Մարտին Ջհանգիրյանն ասել է, որ պետք է թուրքերի հետ առուվաճառք անենք։ Դեկտեմբերի 17-ին զանգել են առավոտյան, ասել՝ տղայիդ հոսպիտալ են բերել, կոմայի մեջ է։ Տեսել ենք, որ մահացած է եղել։ Ի սկզբանե ես իմ տղային տեսել եմ՝ աչքերը բաց, չորացած, բերանը սոսինձով ներսից կպած․ իբր իմ տղան կոմայի մեջ է։ Եթե կոմայի մեջ է եղել, ի՞նչ կապ ուներ այդ սոսինձը։

Առ այսօր քննիչ, դատախազ նույն Աննա Վարդապետյանը, հանձնաժողով են ստեղծել, խումբ են ձևավորել, ոչ մեկը չի ուզում բացահայտվի գործը։ Աննա Վարդապետյանն այն ժամանակ, որ խմբի ղեկավար էր, իմանալով, որ իմ տղային մահացած են բերել, 15-20 րոպե շոկ է ապրել։ Ես հիմա քեզ ասում եմ՝ անձամբ իմ տղայի գործերն ուսումնասիրել ես, տեսել դիակը, Մուրացանում տաք օդ են տվել։ Մի՞թե քո մեջ մի փոքր մարդկային բան չի արթնանում, որ ասես՝ այո, ծնողը ճիշտ է, տղային մահացած են բերել, քո տղային սպանել են»,–ասել է նա։

Իրինա Ղազարյանը հավելել է, որ ծնողները պահանջում են՝ փոխվեն իրենց որդիների մահվան վարկածները։

«Ի սկզբանե Աննա Վարդապետյանն ասել է, որ միանշանակ սա սպանություն է։ Եթե սպանություն է, ուրեմն ինքը պիտի կանգնի ու ասի՝ ծնողները ճիշտ են, տղաներին սպանել են, ամեն մեկը զորամասում մի բան տեսել է»,–ասել է նա։

Leave a Comment