«Գիրք և Միտք»-ը իշխանության կրողների մասին. «Վերնատուն»

«Գիրք և միտք» նախագծի հեղինակ Ավետիք Մեջլումյանի հետ քննարկում ենք համաշխարհային գրականության երեք գլուխգործոցներ՝ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» և Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպերը։

Ավետիք Մեջլումյանն ասում է, որ գրքի քննարկումն առիթ է, անդրադառնալու մի շարք կարևոր հարցերի։ Նա նշում է, որ այս երեք գրքերին միավորում է իշխանության թեման և կարելի է զուգահեռներ տանել, թե յուրաքանչյուր գրքում այս թեման ինչ կերպ է դրսևորվում։

«Իշխանության թեման ամենուր է, և դու չես կարող խուսափել դրանից, չնկատել այն։ Եվ մի փոքր ռեֆլեքսիա անելուց և այն առօրյա կյանքի իրողությունների հետ կապելով՝ ակամա դառնում է ուշադրության առարկա։ Հետաքրքիր է, իշխանությունը կրողի թեման։ Ով է իշխանության կրողը, ինչպես է նա ներկայանում»,— ասում է Մեջլումյանը։ Այս բոլոր գրքերի կարևորությունը, նրա խոսքով, այն է, որ «ամեն ինչ միանշանակ չէ։ Սև–սպիտակ, չար–բարի հակադրության մեջ չէ»։

«Ինձ համար այս գրքերի արժեքն ու կարևորությունը նրանում է, որ մարդուն դրդում է ռեֆլեքսիայի, այսինքն՝ պարզունակ հակադրումը «ես լավն եմ, բռանապետը վատն է» կամ՝ «ժողովուրդը լավն է, իշխողը վատն է» հակադրությունները վերացնում են գրքերը, ցույց են տալիս, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Եվ ամեն մեկն իր ներսում կրում է այդ նույն բռնապետությունը, կրում է նույն չարիքն ու ագրեսիան»։

«Եթե լավ գիրք է, ուրեմն պրիմիտիվ չէ իր ասելիքում»։ Ավետիք Մեջլումյանը հղում է անում նաև Կունդերայի էսսեին, որտեղ ասվում է, որ լավ վեպը նպաստում է ճանաչողությանը, ոչ թե ճշմարտություններ է բացահայտում, բարոյական դասեր է տալիս, դատում ու դասակարգում, այլ «ինչ-որ մի բան ճանաչելու, ռեֆլեքսիայի, հարցեր տալու, կասկածելու միջոցով»։ Կարևոր է նաև, թե որքանով է վեպը հարուստ այլ հղումներով՝ փիլիսոփայությանը, պատմությանը, լեզուն, ոճը և այդպես շարունակ։

«Արտաքին դևերի դեմ պայքարելուց առաջ ներքին դևերի դեմ պայքարիր»՝ մի քիչ կրոնական երանգավորմամբ այս երեք գրքերը սովերեցնում են ազնիվ լինել։ Այս գրքերի հերոսներն իրենք են գալիս այս գաղափարին»։

Leave a Comment