ՄԱԿ-ի դիմաց ակցիայով պահանջել են նպաստել Բաքվում պահվող գերիների ազատմանը

ՄԱԿ-ի դիմաց ակցիայով պահանջել են նպաստել Բաքվում պահվող գերիների ազատմանը

10 դեկտեմբերի 2025 – 17:35 AMT

PanARMENIAN.Net – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև «Բաքվում հայերն ապօրինաբար են պատանդառվել» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ, որը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրվան, մասնակիցներըպահանջել են նպաստել Բաքվում պահվող գերիների ազատմանը։

Ներկայացված նամակում նշվել է, որ ներկայում, 21-րդ դարում, հայ ռազմագերիների դեմ ընթանում են կեղծ դատավարություններ, որոնց ընթացքում խախտվում են նրանց հիմնարար իրավունքները, հայտնում է Panorama.am-ը։

Ակցիայի ընթացքում ընդգծվել է, որ այս օրը միայն հռչակագրի պատմական արժեքը նշելու առիթ չէ, այլ նաև՝ միջազգային սկզբունքների նկատմամբ նվիրվածությունը վերահաստատելու հնարավորություն, որոնց պետք է հետևեն բոլոր երկրները՝ անկախ քաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումներից։

«Հայ ռազմագերիների պահման վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ՝ գերիները երկարատև ժամանակով զրկված են լինում ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորությունից»,-ասվում է նամակի մեջ, որը հանձնվել է ՄԱԿ գրասենյակին։

Հայտարարության մեջ նշվել է, որ ըստ միջազգային զեկույցների՝ գերիների նկատմամբ իրականացվող վարույթները և պահման պայմանները չեն ապահովում նույնիսկ նվազագույն միջազգային երաշխիքները։ Նշվել է նաև, որ գերության ընթացքում սահմանափակվում են գերիների այցելությունների հնարավորությունները, իրավական պաշտպանությունը, բացակայում են տվյալներ նրանց առողջական վիճակի վերաբերյալ, իսկ գործերի քննության գործընթացում խախտվում են նրանց իրավունքները։

«Այս պայմաններում յուրաքանչյուր գերի ոչ թե պարզապես ազատությունից զրկված անձ է, այլ մի իրավիճակում գտնվող մարդ, որի նկատմամբ կիրառվող ընթացակարգերը չեն համապատասխանում միջազգային չափանիշենրին.

Կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանությանը անմիջապես միջամտել և պահանջել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատում, գնահատել նրանց դատավարությունները, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն և պահնպանել մարդու հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացումը։

Այսօր մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա առթիվ մենք հիշում ենք, որ իրավունքները չեն սահմանափակվում միայն տողերով՝ այդ իրավունքները պահանջում են պաշտպանություն, արձագանք և գործողություն։

Աշխարհը, որը հավատում է արդարության և մարդու ազատության սկզբունքներին, չի կարող լռել այդ լռությունը կլինի անպատասխանատվության և անարդարության հավանություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment