10 դեկտեմբերի 2025 – 16:44 AMT
PanARMENIAN.Net – Սյունիքի մարզի Խոտ ֊ Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Սյունիքի մարզի Խոտ–Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է, 10 կմ երկարությամբ ճանապարհի արժեքը 5.2 մլիլարդ դրամ է»,–նշել է նա։
Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ Գորիս-Կապան մայրուղու մի հատված, որն անցնում էր Որոտան գյուղով, փոխանցվել է Ադրբեջանին։
Դեռ 2023-ին արձանագրվել էր, որ նոր կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի որոշ հատվածներ կրկին պետք է ասֆալտապատվեն, քանի որ դրանք վնասվել էին սելավների հետևանքով։ Անձրևների ինտենսիվության պատճառով լանջային հողազանգվածները գերխոնավացել էին, ինչի հետևանքով առաջացել էին փլուզումներ։ 2024 թվականի հունիսի վերջին պարզ էր դարձել, որ ևս մեկ հատված է վնասվել հորդառատ տեղումների պատճառով։