ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության քայլը՝ բանակցային փաստաթղթերի հրապարակումը, Լեռնային Ղարաբաղի հարցում պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա բարդելու փորձ է անվանել։ Միևնույն ժամանակ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի այդ փորձը հաջողված չի համարել։
«Փաստաթղթերի հրապարակումը, ոչ այլ ինչ է, քան պարզունակ, ընդ որում անհեռանկարային փորձ՝ այլոց վրա բարդելու պատասխանատվությունը 2018 թվականի մայիսից հետո Լեռնային Ղարաբաղի հարցով իշխանությունների վարած ձախողյալ քաղաքականության աղետալի հետևանքների համար։ Պատասխանատվությունն այլոց վրա բարդելու Փաշինյանի ու իր թիմի փորձը տապալվեց»,- հայտարարել է Սարգսյանը։
Սարգսյանի գնահատմամբ՝ հրապարակված փաթեթը «պարզունակ և անհեռանկարային» է և չի ներկայացնում բանակցային ամբողջ պատկերը։
Սարգսյանը նշում է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկները միակողմանիորեն նպաստել են Ադրբեջանին, ապա անհասկանալի է, թե ինչու է Բաքուն տարիներ շարունակ հրաժարվել այդ առաջարկներից, քննադատել Մինսկի խմբին և մերժել նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով ընդունված բազմաթյակ հայտարարություններն ու պայմանավորվածությունները։
Նրա խոսքով՝ մինչև 2018-ը Հայաստանի դիրքորոշումը մեծապես համահունչ էր համանախագահների մոտեցումներին, իսկ Ադրբեջանը հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։
Երրորդ նախագահը հիշեցրել է, որ 2008-ից մինչև 2018-ը Արցախյան հարցի կարգավորման շուրջ մշակվել է փաթեթային մոտեցում՝ միջանկյալ կարգավիճակի, հետագա հանրաքվեով վերջնական կարգավիճակի, անվտանգության բազմամակարդակ երաշխիքների, Լաչինի միջանցքի, փուլային տարածքային վերադարձի և հաղորդակցությունների բացման բաղադրիչներով։ Նրա խոսքով՝ Կազանում քննարկված «Հիմնարար սկզբունքները» և դրանց հիման վրա մշակված «non paper» փաստաթղթերը ստեղծել էին լուծման «պատկառելի հենք», որը Հայաստանի նոր իշխանությունները փաստացի դրվել են հարցականի տակ՝ հայտարարելով, թե պատրաստվում են բանակցել «իրենց կետից»։
Սարգսյանի գնահատմամբ՝ հենց այս մոտեցումն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն են թույլ տվել Ադրբեջանին Հայաստանը ներկայացնել որպես ոչ կառուցողական կողմ և օգտագործել դա որպես պատերազմի առիթ։ Սարգսյանը պնդել է, որ 2020-ի պատերազմը հնարավոր էր կասեցնել «համարժեք հակահարվածի» և դաշնակիցների հստակ աջակցության պայմաններում, սակայն «դիվանագիտական, քաղաքական և ռազմական սխալների պատճառով» Հայաստանը հայտնվեց ծանր վիճակում։
Սարգսյանը նաև այն, որ կառավարությունը ընտրովի է հրապարակել փաստաթղթեր՝ անտեսելով ինչպես 2008-2017 թվականների ԵԱՀԿ գագաթնաժողովների ու ԱԳՆԽ-ի կարևոր հայտարարությունները, այնպես էլ 1994-1995 թվականներին ստորագրված եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերը։ Նրա ձևակերպմամբ՝ այս ամենը միջազգային հարթակում տարիներով ձևավորված ժառանգություն էր, որը «ապաշնորհ կերպով» է տնօրինվել նոր իշխանությունների կողմից։
Եզրափակելով՝ Հայաստանի երրորդ նախագահը հավելել է, որ 2018-ից հետո Լեռնային Ղարաբաղին վերաբերող փաստաթղթերի ամբողջական հրապարակումը կցուցադրի, թե ինչ ժառանգություն է թողնելու գործող կառավարությունը։ Նա հիշեցրել է Փաշինյանի՝ «ամեն ինչի մասին ժողովրդին տեղեկացնելու» խոստումը, որը, ըստ Սարգսյանի, փոխարինվել է խորհրդանշական ժեստերով ու սոցիալական ցանցերում արված հրապարակումներով։
Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հանրայնացրել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 13 փաստաթուղթ։
