Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ադրբեջանը չկարողանա անհայտ կորածների հարցերը վաճառել մեզ վրա. Արման Թաթոյան

Ինչքան էլ բոլորն ասում են, որ կյանքը շարունակվում է, անհայտ կորածներին և նրանց առնչվող հարցերը հնարավոր չէ մոռանալ։ Անհայտ կորած անձանց ընտանիքները, հայրերը, մայրերը միշտ են ապրում սպասումով։ Նրանց միշտ պետք է տեղեկություն իրենց որդիների մասին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Պետությունը պետք է գիշեր-ցերեկ ուղղակի ամեն ինչ անի այդ մարդկանց համար, որովհետև եթե մենք այս կարևորագույն, հիմնարար հարցին լուծում չենք տալիս, ապա անիմաստ է խոսել խաղաղության գործընթացի մասին. խաղաղությունը չի կարող անտեսել մարդու իրավունքները։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը չկարողանա անհայտ կորածների հարցերով մեզ մանիպուլացնել, նման հարցերը վաճառել մեզ վրա։

Տեսե՛ք, Վաշինգտոնում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։ Այնտեղ ընդամենն ամրագրված է, որ կողմերն անհայտ կորածների հարցերը հասցեագրում են, և հարկ եղած դեպքում միջազգային մարմինների հետ համագործակցությամբ են լուծում դրանք»,- ասաց Արման Թաթոյանը։

Բանախոսը շեշտեց՝ այսօր Հայաստանը չունի միջազգային վերահսկողության միեխանիզմ, որ դրա միջոցով կարողանար Ադրբեջանից պահանջներ ունենալ։ Այդ պարագայում միջազգային մարմիններն էլ ասելու են՝ գնացեք, ձեր հարցերն ինքներդ կարգավորեք։

Ըստ Արման Թաթոյանի՝ անհայտ կորածների հարցերը ՀՀ անվտանգության համակարգի անբաժան հարցեր են, և քանի դեռ նման հարց կա, ՀՀ անվտանգային համակարգը լիարժեք չի գործում։

«Մենք պետք է մինչև վերջ գնանք, որովհետև դրա հետևում ոչ միայն մեր քաղաքացին է կանգնած, այլև՝ մարդկային ճակատագիր և տառապանք։ Այստեղ շատ կարևոր է պետության նախաձեռնողականությունը։ Եթե հույսդ դրեցիր միջազգային կազմակերպության նախաձեռնողականության վրա, ոչ մի բան չի ստացվելու։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ, որ անհայտ կորածի որևէ դեպք բացահայտվի, որովհետև այնտեղ կան քրեական պատասխանատվության  մեխանիզմներ, հարցերն անընդհատ զեկուցելու պարտավորություն, հաշվետվողականություն»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։

Leave a Comment