10 դեկտեմբերի 2025 – 15:37 AMT
PanARMENIAN.Net – Բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների օրվան, ֆեյսբուքյան իր էջ֏ում գրել է, որ իր պաշտպանյալ՝ հայտնի գործարար և բարերար «Սամվել Կարապետյանը հունիսի 18-ից ակնհայտ ապօրինի կալանավորված է»։
Նա հավելել է, որ իրավական տեսանկյունից դա անհերքելի փաստ է։
«Մարդու իրավունքների օր և Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունում, նոր խափանման միջոցների նման ծավալի նախատեսում, սակայն հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերով բացառապես կալանքի կիրառում:
Հենց այս հանրային տվյալները հստակ են դարձնում, որ Հայաստանում կալանքը չի հանդիսանում խափանման միջոց, կալանքը չի վերաբերում անձի պատշաճ վարքագծի ռիսկերի զսպմանը, այլ բացառապես ռեպրեսիվ, ավտորիտար գործիք է: Ազգային բարերար՝ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից ակնհայտ ապօրինի կալանավորված է: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանի կողմից գրավոր ընթացակարգով քննության է առնվում մեր կողմից ներկայացված բողոքները և հենց այսօր լրանում է գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետը, իսկ դեկտեմբերի 11-ին Դատարանի կողմից պետք է կայացվի դատական ակտը: Այս ժամանակահատվածում մի շարք լրացուցիչ գրավոր բացատրություններ և դիրքորոշումներ ներկայացվել են Վերաքննիչ դատարանին, որոնք հերքում են որևէ ձևով կալանքի պահպանման իրավական հնարավորությունը:
Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման, մոտ վեց ամիս ապօրինի կալանավորված է, և այս ողջ ժամանակահատվածում զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից: Նշվածի փաստացի ոչ իրավական հիմքերն արտացոլված են ֆեյսբուքյան արդարադատության տիրույթում՝ 2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի գրառումներում:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել։