Ավստրալիայում ուժի մեջ է մտել 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցեր մուտք գործելու արգելքը

Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց կողմից։ Օրենքը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից 2024 թվականի նոյեմբերին, ուժի մեջ է մտել  դեկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով կեսգիշերին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Արգելքը, որի նպատակն է, ի թիվս այլ բաների, պաշտպանել երիտասարդներին համացանցում ծաղրից, ապատեղեկատվությունից և անօրինական բովանդակությունից, կազդի խոշոր հարթակների վրա, այդ թվում՝ TikTok-ի, YouTube-ի, Instagram-ի, Snapchat-ի, Facebook-ի, Reddit-ի և X-ի վրա։ Այն չի վերաբերում WhatsApp-ի հաղորդագրություններին, էլեկտրոնային փոստի հաճախորդներին, առցանց խաղերին կամ կրթական նախագծերին։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը լրագրողներին ասել է, որ օրենքը կօգնի երեխաներին ունենալ նորմալ մանկություն, ծնողներին կապահովի հոգեկան հանգստություն և օրինակ կծառայի այլ երկրների համար։

Արգելքը չկատարելու դեպքում կսահմանվեն մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարի տուգանքներ (որը համարժեք է մոտավորապես 33 միլիոն ԱՄՆ դոլարի կամ գրեթե 30 միլիոն եվրոյի)։

Կառավարության այս քայլի քննադատները պնդում են, որ այն անհամաչափ է, և արդեն դատական ​​​​հայց են ներկայացրել դրա դեմ երկրի Գերագույն դատարան։ Շատերը համոզված են, որ դեռահասները պարզապես կանցնեն այլ ծառայությունների, որոնք ավելի դժվար է վերահսկել։

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Մալայզիան, Դանիան և Նորվեգիան, արդեն հայտարարել են նմանատիպ արգելքներ սահմանելու մտադրության մասին: Եվրոպական խորհրդարանը նույնպես արտահայտվել է նմանատիպ սահմանափակումների օգտին։

Գերմանիայում հարցվածների ճնշող մեծամասնությունն (77 տոկոսը) ասել է, որ «լիովին» կամ «մասամբ» կաջակցի նման օրենքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment