Մարին Լը Պենի «Ազգային միաբանությունը» ցանկանում է, որ Ֆրանսիայում վերաբացվեն հասարակաց տները


Աշխարհ


Մարին Լը Պենի «Ազգային միաբանությունը» ցանկանում է, որ Ֆրանսիայում վերաբացվեն մարմնավաճառների կողմից ուղղակիորեն կառավարվող հասարակաց տները, գրում է Politico-ն։

Կուսակցությունը շուտով կներկայացնի օրինագիծ, որը հնարավորություն կտա հասարակաց տները վերաբացվել որպես կոոպերատիվներ, ֆրանսիական լրատվամիջոցներին տված մի շարք հարցազրույցների շարքում հայտարարել է «Ազգային միաբանության» հայտնի օրենսդիր Ժան-Ֆիլիպ Տանգին։


«Մարմնավաճառները սեփական թագավորությունում կայսրուհիներ կլինեին»,- ֆրանսիական RTL ռադիոկայանին ասել է Տանգին։


Նա նշել է, որ արդեն գրել է տեքստի նախագիծը, որը Լը Պենը ևս աջակցել է։ Հասարակաց տները Ֆրանսիայում արգելվել են 1946 թվականին։ Ըստ ֆրանսիական օրենսդրության՝ մարմնավաճառները դեռ կարող են առաջարկել սեփական ծառայությունները, սակայն Սոցիալիստական ​​կուսակցության՝ 2016 թվականին ընդունված օրենքը հաճախորդներին պատժում է 1500 եվրո տուգանքով։


Այդ առաջարկը վերսկսել է Ֆրանսիայում մարմնավաճառության օրինականացման վերաբերյալ բանավեճը։ Նմանատիպ բանավեճեր են առաջացել նաև ԵՄ այլ երկրներում։


Օրինակ՝ Իտալիայում Ջորջիա Մելոնիի իշխող կոալիցիայի քաղաքական գործիչները ևս պաշտպանում են հասարակաց տների վերաբացումը և մարմնավաճառության կարգավորումը, սակայն այդ առաջարկները դեռևս չեն իրականացվել։



Leave a Comment