Ավինյանի որոշմամբ լուծարվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի հաստիքը. Դավիթ Հարությունյանի գրառումը


Կարծիք


Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը հայտնում է, որ  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ լուծարվել է ռեժիսորի հաստիքը և  իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։

Նա գրել է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ (ցածրիկ էշելոններում խլվլացող, բայց փոխարենը՝ «բարձր թատերական գիտելիքների ու ճաշակի տեր» չինովնիկների հուշումով) Պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը, համաձայն որի, իմ ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։


 

Անհերքելի պատմություն և անջնջելի փաստեր են իմ հեղինակած մի շարք ներկայացումները՝ իրականացված ինչպես Երևանի ՊՀԹ-ում, այնպես էլ մայրաքաղաքի, հանրապետության ու սփյուռքի մի շարք այլ թատրոններում (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն, Մետրո թատրոն, Հալեպի հայկական թատրոն, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն, Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. դրամատիկական թատրոն), նաև թատերականացված միջոցառումներն ու անտրեպրիզային ներկայացումները։



Վերոնշյալ ներկայացումները տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր դպրոցականների և երիտասարդների»։


Դավիթ Հարությունյան՝ 2017-2020 թթ. Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, «Արտավազդ» համահայկական թատերական մրցանակի դափնեկիր, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, թատերական մանկավարժ։



Leave a Comment