Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քեռու և զարմուհու տներում, Armenia Today-ին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա հստակեցրել է, որ արքեպիսկոպոսի քեռու և զարմուհու փաստաբանը չէ, և ինֆորմացիան իր ունեցած տեղեկություններով է։
Բաբայանը նշել է, որ քննիչները թույլ չեն տվել, որպեսզի արքեպիսկոպոսի հարազատները փաստաբաններին զանգահարեն։
«Առգրավել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները»,- տեղեկացրել է նա։
Նա հավելել է, որ խուզարկությունները կատարվել են արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի հրապարակման առնչությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հոկտեմբերին Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Արքեպիսկոպոսին դեկտեմբերի 4-ին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։
Կարդացեք նաև՝
