Ճապոնիայի պաշտպանական ուժերը կործանիչներ են բարձրացրել օդ՝ տարածաշրջանում համատեղ պարեկություն իրականացնող ռուսական և չինական ռազմական ինքնաթիռները վերահսկելու համար, հաղորդում է Reuters-ը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկու ռուսական Տու-95 միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ ռազմավարական ռմբակոծիչները թռիչք են կատարել Ճապոնական ծովի ափից դեպի Արևելաչինական ծով։ Այնտեղ դրանք միացել են երկու չինական H-6-երի՝ Խաղաղ օվկիանոսի վրայով «համատեղ, երկարատև թռիչքի» համար։
Ավելի ուշ խմբին են միացել չինական չորս J-16 կործանիչներ, որոնք թռել են ճապոնական Օկինավա և Միյակո կղզիների միջև։ Այս կղզիների միջև ընկած Միյակո նեղուցը համարվում է միջազգային ջրեր։
Միևնույն ժամանակ, Ճապոնիան Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ակտիվություն է հայտնաբերել Ճապոնական ծովում: Նախարարության տվյալներով՝ ակտիվությանը մասնակցել են A-50 վաղ նախազգուշացման ինքնաթիռ և երկու Սու-30 կործանիչներ:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ թռիչքները Ճապոնիայի դեմ ուղղված ուժի ցուցադրման հատկանիշներ ունեն և «լուրջ մտահոգության» հիմք են երկրի ազգային անվտանգության համար։