Սիմոնյանը՝ «3+3» հանդիպման մասին․ Չմասնակցել ուղղակի չի կարելի

Սիմոնյանը՝ «3+3» հանդիպման մասին․ Չմասնակցել ուղղակի չի կարելի

10 դեկտեմբերի 2025 – 14:56 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Բաքվի` «3+3» ձևաչափով համաժողովն իրենց մոտ անցկացնելու առաջարկին, ասել է, որ այդ հարցին կպատասխանի ԱԳՆ-ն, բայց միևնույն ժամանակ տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չի կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի։ Նրա խոսքով՝ եթե կան խնդիրներ, իրենք կբարձրաձայնեն։

«Օրինակ, ինձ համար խնդիր է գերիների առկայությունը, կարծում եմ՝ դա քննարկելի և լուծելի հարց է։ Բայց չմասնակցել ուղղակի չի կարելի»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ Բաքուն պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հանդիպումը և նշել էր, թե հայկական կողմը դեմ չէ այդ գաղափարին։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Բայրամովի հայտարարությանը՝ նշելով. «Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»։

«3+3» ձևաչափում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանն առայժմ չի մասնակցում այս ձևաչափով աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ասել են, որ դուռը բաց է Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները կայացել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։

Leave a Comment