ԱԱ-2026-ին կմասնակցի 49 թի՞մ. Թիերի Անրին փակագծեր է բացում — Armsport.am

Հաջորդ ամառ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք մրցաշարը կլինի պատմության մեջ առաջինը, որը կանցկացվի ընդլայնված ձևաչափով՝ խմբային փուլում ընդգրկելով 48 հավաքական։ Սակայն հնարավո՞ր է արդյոք, որ որակավորված երկրների ցանկին ավելանա ևս մեկը։

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին Kia-ի նոր գովազդային հոլովակում սենսացիոն «բացահայտում» է արել՝ իր սեփական վիճակահանության ընթացքում ներկայացնելով Աշխարհի առաջնության 49-րդ թիմին։

Տեսահոլովակում աշխարհի չեմպիոնը, կրելով պաշտոնական կոստյում, վարում է վիճակահանության արարողությունը։ Նա թավշյա պարկից հանում է գնդակներ՝ հնչեցնելով ֆուտբոլային գերտերությունների անունները՝ Անգլիա, Իսպանիա, Բրազիլիա և գործող չեմպիոն Արգենտինա։ Անրին, ով 1998 թվականին «Եռագույնների» հետ բարձրացրել է գավաթը, ցուցադրում է նաև երեք ընդունող երկրներին (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա), ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Ավստրալիան և Հարավային Կորեան։

Սակայն վերջում սպասվում է անակնկալ շրջադարձ։ «Արսենալի» լեգենդի մոտ մնում է ևս մեկ գնդակ։ Բացելով այն՝ Անրին հայտարարում է «49-րդ թիմի» մասին՝ իրեն բնորոշ խորհրդավոր ժպիտով։

Մեկ այլ թիզերում լրագրողը փորձում է Անրիից ճշտել՝ արդյոք նա ԱԱ-2026-ին գլխավորելու է նոր հավաքական, ինչին ֆրանսիացին պատասխանում է․ «Ներեցեք, բայց այս պահին չեմ կարող դա բացահայտել»։

Իրականում, սակայն, խոսքը ոչ թե նոր մասնակից երկրի, այլ Kia-ի՝ Աշխարհի առաջնությանը նվիրված նոր արշավի մասին է, որը կրում է «49-րդ թիմ» պաշտոնական անվանումը։ Այն նվիրված է մրցաշարի պաշտոնական գնդակ մատակարարողներին (Official Match Ball Carriers)՝ նպատակ ունենալով լուսաբանել նրանց ոգեշնչող պատմություններն ու կարողությունները։

Դեկտեմբերի 5-ին կայացած պաշտոնական վիճակահանությանը զուգահեռ մեկնարկած այս նախաձեռնությունը կոչված է ուշադրություն հրավիրելու գալիք մրցաշարի «ստվերում մնացած հերոսների» վրա:

Leave a Comment