Ռուսական հարձակումների հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզում գազատար է վնասվել. զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

10.12.2025 | 14:30

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիսլավ Գայվանենկոն, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ Կրիվոյ Ռոգի շրջանի Զելենոդոլսկ համայնքի վրա FPV անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել է գազատարը, որի հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։

Նիկոպոլի շրջանում վիրավորվել են 23 և 39 տարեկան տղամարդիկ: Ռուսական ուժերը հարվածել են Նիկոպոլին, ինչպես նաև Չերվոնոգրիգորովսկ, Մարգանեց և Պոկրովսկ համայնքներին: Վնասվել են ենթակառուցվածքները և գյուղատնտեսական ձեռնարկություն, հրդեհվել է մասնավոր տուն, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և մեքենա:

Ռուսական զորքերը նաև հարվածներ են հասցրել Չեռնիգովի մարզի Կորյուկովսկի շրջանին: Անօդաչուն հարվածել է քաղաքացիական շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ տուժածներ չկան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment