10 դեկտեմբերի 2025 – 14:41 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին՝ ընդգծելով, որ այդ թեման մշտապես օրակարգում է թե երկկողմ, թե միջազգային հանդիպումների ընթացքում։
Նա հավելել է, որ դրական լուծման միտում տեսնում է, հայտնում է Radar Armenia-ն։
«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ դրա մասին բարձր չենք խոսում։ Աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ, լինի դա Ադրբեջանի հետ, թե որևիցե միջազգային ներկայացուցիչների հետ, խոսակցություն չկա, որտեղ չլինի գերիների և պահվող անձանց վերաբերյալ կետ»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նույնը վերաբերում է նաև անհետ կորածների խնդրին։
Սիմոնյանը ընդգծել է, որ աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ գերիների խնդիրը վերջնական լուծում չի ստացել։
«Իսկ դրական լուծման միտում տեսնում եմ»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։
Հարցին անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ թեման չափազանց զգայուն է և կարող է արդյունավետորեն լուծվել միայն համագործակցային և խաղաղ միջավայրում, հայտնում է Auroranews.am-ը։
Ըստ նրա՝ քանի որ ընթանում ենք խաղաղության ուղղությամբ, «իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»։
«Ազատությունից զրկված անձանց հարցը շատ զգայուն հարց է, և մեր դիրքորոշումը հետևյալն է: Այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում:
Հակամարտության մթնոլորտում տարբերակ չկա հասցեագրելու ասյ խնդիրը: Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- ասել է նա:
Փաշինյանն ավելացրել է, որ խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։