Նոր հայտարարություն են տարածել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսները

Իշխանական Civic.am-ը տեղեկատվություն է տարածել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ։

«Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոնններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը։

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին:

Մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։

Հայցում ենք Ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը և զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին և մեր բարեպաշտ ժողովրդին»,- ասված է լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռը հետաձգել էր դեկտեմբերի 10-12-ը հրավիրած եպիսկոպոսաց ժողով, որը պետք է քննության առներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Leave a Comment