Փաստաբան․ Խուզարկել են Արշակ սրբազանի քեռու և զարմուհու տները

Փաստաբան․ Խուզարկել են Արշակ սրբազանի քեռու և զարմուհու տները

10 դեկտեմբերի 2025 – 13:37 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 9-ին իրականացվել են խուզարկություններ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քեռու և զարմուհու բնակարաններում։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը, հայտնում է Factor.am-ը։

«Խուզարկությունները միաժամանակ են տեղի ունեցել, թույլ չեն տվել, որպեսզի փաստաբանների զանգեն։ Առգրավվել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները»,-նշել է նա։

Նախաքննական մարմնի կողմից իրականացված գործողությունները կապված են Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման հիման վրա հարուցված քրեական վարույթի հետ։

Վարույթը սկսվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիմքով, որը վերաբերում է անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտմանը՝ հատուկ տեխնիկական միջոցի օգնությամբ գաղտնի տեղեկություն հավաքելու եղանակով։

«Փաստացի այս գործով սրբազանը տուժող է, իրենք գործը քննում են այն կանխավարկածով, որ ինչ-որ մեկը խախտել է նրա անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Ինչի՞ են հարազատներին այդ նեղությունը պատճառում, ինչի՞ են հարազատներին ներքաշում այս ամենի մեջ։ Ակնհայտ է, որ դրա նպատակն է ճնշել Արշակ սրբազանին և նրա ընտանիքի անդամներին։ Ճնշելու նպատակն էլ այն է, որ Արշակ սրբազանը հետ կանգնի իր դիրքորոշումներից»,-նշել է Բաբայանը։

Առգրավել են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ինչպես քեռու դստեր, այնպես էլ որդիների հեռախոսները։

Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերն առաջին անգամ հրապարակվել են հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks անունով Telegram ալիքում։ Թեպետ ալիքը հետագայում արգելափակվել է Telegram-ի օգտագործման կանոնները խախտելու պատճառով, տեսանյութերն արդեն հասցրել են տարածում գտնել այլ հարթակներում։

Leave a Comment