10 դեկտեմբերի 2025 – 13:51 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում։ Նա այդ մասին ասել է «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Երևան–Բաքու առևտրային հնարավորություններին։
«Պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի։ Մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկը» և խաղաղության մասին բոլոր խոսակցությունները հենց դրա մասին են։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, առաջինը ցորենը եղավ։ Որքան շատ լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, լինի դա գազ կամ այլ բան, այնքան լավ Հայաստանի համար»,- ասել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է՝ Երևանը պետք է նաև Բաքվին հնարավորություն տա, որպեսզի իր շահն ունենա ապրանքները հայկական տարածքով Նախիջևան և Թուրքիա արտահանելու հարցում։
Դեկտեմբերի 6-ին Դոհայում տեղի ունեցած քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ կողմերը քննարկում են նավթ և նավթամթերք Հայաստանի արտահանելու հնարավորությունը։ Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել է, որ Վրաստանը մաքսատուրքեր չի գանձելու դեպի Հայաստան տարանցվող ադրբեջանական վառելիքի առաջին խմբաքանակի համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այդ քայլը բնութագրել է որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ՝ Թբիլիսիի կողմից։