Մաքուր օդը՝ ընդդեմ Երևանի մշուշի. Goght Urban Valley-ի ներդրողը՝ Հայաստանում նոր էկոլոգիական ստանդարտի մասին

Երևանում օդի աղետալի որակի շուրջ քննարկումների ֆոնին ավելի ու ավելի շատ մարդիկ են մտածում այն մասին, թե ինչպես է էկոլոգիական միջավայրն ազդում առողջության, սովորությունների և կյանքի որակի վրա


ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում օդի աղետալի որակի շուրջ քննարկումների ֆոնին ավելի ու ավելի շատ մարդիկ են մտածում այն մասին, թե ինչպես է էկոլոգիական միջավայրն ազդում առողջության, սովորությունների և կյանքի որակի վրա։ Goght Urban Valley-ն այն նախագծերից մեկն է, որի ստեղծողներն ի սկզբանե ձգտում են ձևավորել կյանքի նոր որակ. ավելի շատ կանաչապատ գոտիներ, ավելի քիչ խիտ կառուցապատում, լռություն, մաքուր օդ և բնության գրկում ապրելու հնարավորություն՝ պահպանելով քաղաքային առավելագույն հարմարավետությունը։ Այս թեմայով մենք զրուցել ենք Goght Urban Valley-ի ներդրողներից մեկի՝ Մովսես Ձավարյանի հետ։


«Նովոստի-Արմենիա» – Կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը, թե ինչպես եք գնահատում իրավիճակը Երևանում, որտեղ փոշու մակարդակը 4 անգամ գերազանցում է նորման։ Ի՞նչ է արվում իսկապես առողջ միջավայր ստեղծելու համար։


Մ. Ձավարյան – Երևանում փոշին գերազանցում է նորմը ոչ թե 4, այլ տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր անգամներ։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ. դրանց 95 տոկոսը «մարդածին» են, այսինքն՝ առաջանում են մարդկանց մեղքով։ Մարդն ինքն է ստեղծում պատճառները, բայց հենց ինքն էլ կարող է շտկել իրավիճակը։ Քանի որ Գողթ թաղամասը (որտեղ իրականացվում է Goght Urban Valley նախագիծը) գտնվում է ավելի բարենպաստ էկոլոգիական գոտում, ուր Երևանի մշուշը չի հասնում, ապա առողջ միջավայրը Կոտայքի մարզի բնական վիճակն է։


Այնուամենայնիվ, այստեղ նույնպես զգացվում է մարդու ձեռքը, որը պայմանականորեն անվանում եմ «մաքուր» և «կեղտոտ»։ «Մաքուրը» ծառատունկն է, կանաչապատումը (մենք այստեղ արդեն տնկել ենք ավելի քան 60 հազար ծառ)։ «Կեղտոտն» այն է, երբ մարդիկ ինչ պատահի այրում են։ Արդեն կա օրենսդրական բազա, որը նախատեսում է պատիժ էկոլոգիական խախտումների համար։ Մենք հետևողականորեն ներդնելու ենք այն մարզում։ Ինքնաբուխ աղբավայրերի առկայությունը ևս աղետ է ողջ հայաստանի համար։ Հուսով ենք, որ մարզի ղեկավարությունը հետևողական կլինի նման օբյեկտները վերացնելու հարցում։


Гохт


«Նովոստի-Արմենիա» – Ինչպիսի՞ն էին օդի որակի ցուցանիշները Գողթում այն օրերին, երբ բնապահպանները Երևանի օդը համարում էին «առողջության համար չափազանց վտանգավոր» (նոյեմբերի վերջին առանձին թաղամասերում 491 AQI և քաղաքում միջինը մոտ 320 AQI)։ Հետևո՞ւմ եք արդյոք դինամիկային։


Մ. Ձավարյան – Այո, հետևում ենք։ Որպես կանոն, մեզ մոտ ցուցանիշները 50 միավորից բարձր չեն, սակայն, հենց որ գյուղերի բնակիչները սկսում են աղբ այրել, ցուցանիշները վատթարանում են։


«Նովոստի-Արմենիա» – Ի՞նչ կոնկրետ լուծումներ եք արդեն ներդնում՝ Goght Urban Valley թաղամասում մաքուր օդը, հավասարակշռված էկոլոգիան և բնական լանդշաֆտը պահպանելու համար։


Մ. Ձավարյան – Վերահսկողություն, մոնիթորինգ, կանաչապատում, կենսաթափոններից կոմպոստ ստեղծելու ուսուցում, համագործակցություն տեղական իշխանությունների հետ՝ աղբի և այլ վտանգավոր թափոնների այրման դեպքերը վերացնելու համար։


«Նովոստի-Արմենիա» – Դուք վերջերս մեծածավալ ծառատունկ եք կազմակերպել։ Որքանո՞վ են կանաչապատումը և, ընդհանրապես, լանդշաֆտային դիզայնը կազմում Ձեր երկարաժամկետ ռազմավարության մասը։ Ի՞նչ նպատակներ եք հետապնդում այդ միջոցառումների ընթացքում։


Մ. Ձավարյան – Կանաչապատումը էկոլոգիական կայունության պահպանման անհրաժեշտ բաղադրիչ է, հատկապես Հայաստանի կենտրոնական մասում։ Մեր նպատակն է մաքուր օդ, շատ թթվածին և, իհարկե, էսթետիկա։


«Նովոստի-Արմենիա» – Կարծիք կա, որ կանաչապատման մեջ ներդրումներ կատարելը հնարավորություն է տալիս խնայել առողջապահության ոլորտում՝ նվազեցնելով բնակչության մոտ շնչուղիների հիվանդությունների և սթրեսային վիճակների մակարդակը։ Կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետը։


Մ. Ձավարյան – Եթե Երևանում և այլ բնակավայրերում անհետաձգելի միջոցներ չձեռնարկվեն, ապա ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև շնչառական հիվանդությունները «կուտեն» առողջապահությանը հատկացվող ողջ բյուջեն։


Goght Urban Valley


«Նովոստի-Արմենիա» – Արդյոք նախատեսո՞ւմ եք իրականացնել լրացուցիչ էկոլոգիական նախաձեռնություններ, ինչպիսիք են օդի որակի մոնիթորինգը, կանաչ միջանցքների ստեղծումը, բնական տարածքների վերականգնումը կամ բնապահպանական այլ նախագծեր։


Մ. Ձավարյան – Մեր ողջ գործունեությունը բնակության համար բարենպաստ էկոլոգիական միջավայր ստեղծելն է։


«Նովոստի-Արմենիա» – Ե՞րբ եք վերջին անգամ զգացել, որ օդն ուղղակիորեն ազդում է Ձեր ֆիզիկական և հուզական վիճակի վրա։


Մ. Ձավարյան – Առաջին անգամ, իհարկե, Ալավերդիում։ Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանի արդյունաբերական մայրաքաղաքներից մեկում։ Ապրել եմ կոմբինատից հարյուր մետր հեռավորության վրա, իսկ հետագայում մոտ տասը տարի այնտեղ եմ աշխատել, այնպես որ էկոլոգիան դասագրքերով եմ ներկայացնում։ Սակայն պետք է խոստովանեմ, որ Երևանում օդի որակը շատ ավելի վատ է, քան ժամանակին Ալավերդիում էր։ Դուք հարցրիք, թե ե՞րբ եմ վերջին անգամ զգացել, թե ինչպես է օդն ազդում իմ առողջական վիճակի վրա։ Կպատասխանեմ՝ ամեն օր։


 

Leave a Comment