Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր փաստացի գոյություն չունի, սակայն դեռ անպատասխան է մեկ հարց․ ինչո՞ւ միջազգային հանրությունը չճանաչեց դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի հիմքով հռչակված Արցախի անկախությունը։
Դեկտեմբերի 10-ով Արցախի ժողովուրդը Արցախը դե յուրե հռչակեց անկախ։ Սա տեսան ու լսեցին բոլորը։ 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիայի խորհրդարանը մի քանի անգամ կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ ՌԴ նախագահ Պուտինը ևս մի խորհրդակցության ժամանակ ակնարկել է, որ Ռուսաստանը կարող էր ճանաչել Արցախի անկախությունը։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ՌԴ նախագահ Պուտինը հռետորական հարցադրում արեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը։ Այսինքն՝ տեսականորեն՝ հնարավոր էր, որ Արցախի անկախությունը ճանաչվեր։ Ինչո՞ւ չճանաչվեց։
Օբյեկտիվ պատճառը մեկն է՝ տարածքային ամբողջականության պահպանման միջազգային սկզբունքը, որը Երկրորդ աշխարհամարտից հետո դարձել էր շատ կարևոր և հավասար դրվում էր ազգերի ինքնորոշման սկզբունքի կողքին։ Դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիմքում ազգերի ինքնորոշման իրավունքն էր, որն Արցախի անկախության հռչակման պարագայում միանշանակ չճանաչվեց, քանի որ կար նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը պաշտպանողները քիչ չէին աշխարհում։ Ասում էին, թե աշխարհում Արցախի հարցի նման հազարավոր հարցեր կան։ Ու եթե Արցախի անկախությունը ճանաչեն, ապա միանգամից հազարավոր հակամարտություններ կսրվեն ու լուրջ սպառնալիք կդառնան միջազգային անվտանգության համար։ Այս նարատիվը կրկնում էին նույնիսկ հայ քաղաքական համայնքում և արդարացնում ՀՀ իշխանություններին, որոնք ո՛չ ճանաչում էին Արցախի անկախությունը, ո՛չ էլ ճանաչման հարցը միջազգային օրակարգ բերում։
Սուբյեկտիվ պատճառները շատ են։
Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի հարցը հաճախ ներկայացվում էր որպես գոյապայքար, էքզիստենցիալ հարց, անջատում հանուն փրկության և նման անհեթեթ բաներ։ Նկատենք, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի անկախության հռչակումը Արցախի ժողովրդի ազատության համար էր։ Իսկ երբ ազատության գաղափարը ստվերվեց ու Արցախի հարցը ներկայացվեց ոչ թե ազատության, այլ գոյատևման խնդիր, ապա գոյատևման համար առաջարկվեցին մի քանի տարբերակներ, որոնցից մեկն էլ Հայաստան գաղթելն էր, որն էլ արեցին արցախցիները, երբ ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները զավթեցին Արցախը, հետո վերջնագրեր ներկայացրին ու պահանջեցին զինաթափվել ու լուծարել Արցախը։
Սուբյեկտիվ պատճառների շարքում է նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Քաղաքագետների կարծիքով՝ ռուսամետ կուրսն էր պատճառը, որ Արևմուտքը չճանաչեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիմքով հռչակված Արցախի անկախությունը։ Արևմուտքում, հավանաբար, էին ուզում, որ ՌԴ-ն վերականգնի իր ազդեցությունը տարածաշրջանում։ Նկատենք, որ Արցախը միակ երկիրն էր տարածաշրջանում, որտեղ ռուսական զինվոր չկար 1995-ից հետո։
Արցախի իշխանությունները ևս փորձ չարեցին աշխարհին համահունչ վարք դրսևորել։ Արցախում քաղաքականություն որոշողները ազգային իդեալ չձևակերպեցին, չփորձեցին աշխարհին ներկայացնել, որ Արցախն ուրույն ազգային իդեալ ունի, սեփական հայացք ու ասելիք ունի աշխարհին, ուրույն պետություն է։ Օրինակ՝ եթե Արցախը հայտարարեր, որ ժողովրդավարությունը Արցախի քաղաքակրթական ընտրությունն է, Արցախն ուզում է Եվրամիությանն անդամակցել, դառնալ ՆԱՏՕ անդամ, ապա նրա անկախության ճանաչման հավանականությունը ռեալ կդառնար։ Առնվազն՝ Թուրքիան չէր կարող ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհն ընտրած Արցախի դեմ սուր բարձրացնել։ Իսկ ռուսներն առանց թուրքերի՝ չէին կարող զավթել Արցախը, Արցախից բռնի տեսահանել ժողովրդին։ Նույնիսկ եթե հինա Արցախի գերեվարված ղեկավարներն այս տրամաբանությամբ քաղաքական հայտարարություններ անեն, ապա էապես կմեծացնեն Արմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունն իրենց ազատ արձակման հարցում։
Պարզ ասած՝ դեկտեմբերի 10-ն ապացույցն է, որ Արցախի ժողովուրդն ամեն ինչ արել է իր ազատության համար։ Այլ հարց է, որ քաղաքականություն որոշողը դրան ճիշտ շարունակություն չի տվել։ Իսկ դեկտեմբերի 10-ի դասը հետևյալն է․ Անկախության հանրաքվեն բավարար չէ, որ միջազգային հանրությունը ճանաչի քո ընտրությունը, տվյալ պարագայում՝ Արցախի անկախությունը։ Այսինքն՝ միջազգային հանրությունը կարող էր ճանաչել Արցախի անկախությունը դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիմքով, եթե Հայաստանի, Արցախի իշխանությունները չաղավաղեին պայքարի իմաստը, ձևակերպեին ազատ Արցախի ազգային նոր իդեալը, աշխարհին համահունչ վարք դրսևորեին։
Թաթուլ Մկրտչյան