10 դեկտեմբերի 2025 – 12:04 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 9–ին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հարցաքննության էին կանչել Քննչական կոմիտե։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան կանչել էին «Սրբազան պայքարի» գործով։ Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալ «քաղաքական հետապնդում ներկայացնող գործով»։
«Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական ոչ մի պրոցես տեղի չի ունենում:Դա քաղաքական պատվերի շրջանակում հետապնդումներ են, ուստի ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց»,–ասել է նա։
Նա հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ասում էին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազն անձեռնմխլիությունից չի զրկում նաև իրեն ու Գառնիկ Դանիելյանին, քանի որ նրանք ևս առնչվում են այս գործի հետ։
«Ուզում եմ ասել, որ մենք անհանգստանալու առիթ չունենք. քաղաքական պատվերի շրջանակում իշխանությունը ցանկանում է նոր գործ կարել կամ նոր մարդկանց մեղադրանք առաջադրել։ Այս իշխանությունների կողմից հետապնդվելը պատիվ է։ Ամոթ է և խարան է այս իշխանությունների հետ համագործակցելը և նրանց ձեռքին գործիք դառնալը։ Մեզ չեն կարող շեղել մեր բռնած ուղուց»,– ասել է Սաղաթելյանը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։