Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի ափերի մոտ հնագետները անսովոր հայտնագործություն են կատարել՝ մոտավորապես երկու հազար տարի առաջ խորտակված հսկայական հին եգիպտական «զվարճանքի նավակ», գրում է The Guardian-ը։ Նավը գտնվում էր ծովի հատակին՝ Անտիրոդոս կղզու մոտակայքում, որը մի ժամանակ Ալեքսանդրիայի խոշոր նավահանգստի մաս էր կազմում։
Նավը մոտավորապես երեսունհինգ մետր երկարություն է ունեցել։ Նավի կառուցվածքը ենթադրում է, որ այն ո՛չ առևտրային, ո՛չ էլ ռազմական, այլ ազնվականների տոնակատարությունների, տոնախմբությունների և արարողակարգային զբոսանքների համար շքեղ նավ է եղել։
Կենտրոնում ընդարձակ տաղավարանման խցիկ՝ ծածկված բեմի կամ վրանի նման մի բան էր գտնվում, որտեղ կարելի էր հանգստանալ և վայելել ցերեկները ծովից, գիշերներր ցամաքից փչող քամին։
Հետազոտողները փայտե գերանների վրա հին հունական արձանագրություններ են հայտնաբերել՝ փոքր գրաֆիտիներ, որոնք հնարավորություն են տալիս նրանց զգալի ճշգրտությամբ թվագրել նավը և որոշել, որ այն կառուցվել է Ալեքսանդրիայում՝ այն ժամանակաշրջանում, երբ Եգիպտոսը մեծ ազդեցություն է ունեցել հունական մշակույթի վրա։
Նավն ունեցել էր լայն, հարթ հատակ և կլորացված նավախել՝ իդեալական պարամետրեր մակերեսային ջրերում նավարկելու համար: Նավի շարժման գործն, ըստ ամենայնի, դրվել է մի քանի տասնյակ թիավարների ուսերին: Գիտնականները կարծում են, որ այն հավանաբար խորտակվել ուժեղ երկրաշարժի կամ ցունամիի ժամանակ, որը մ.թ. առաջին դարերում հաճախ ավերում էր Ալեքսանդրիայի առափնյա տարածքը:
Նման շքեղ նավերը նախկինում ծանոթ են միայն հին հեղինակների՝ օրինակ՝ Ստրաբոնի նկարագրություններից և բարձրաքանդակներից: Սա առաջին անգամն է, որ հնագետներին հաջողվել է իրական նմուշ են հայտնաբերել: Այս հայտնագործությունը հազվագյուտ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես էր հին եգիպտական վերնախավը ժամանակ անցկացնում ջրի վրա. ինչպիսի տեսք ունեին տոնախմբությունները, ծիսական շքերթները և զվարճանքները բաց ծովում:
Հետազոտությունները շարունակվում են: Արդեն ստեղծվում են 3D մոդելներ, որոնք մեզ հնարավորոթյուն են ընձեռում պատկերացնել նավն իր ամբողջ շուքով: Սակայն ստորջրյա ժառանգության պաշտպանության կանոնակարգերի համաձայն, զբոսանավը կմնա ծովի հատակին, որտեղ նման հինավուրց շինվածքները պահպանելու համար լավագույն պայմաններ կան: