Ցասման որդիները

Ցասման որդիները

10.12.2025 | 11:48

Նրանց ոտքի տակ հողը դոնդող է՝

լավայի նման ու հալ երկաթի,

երկինքն անգույն է, արևը՝ մոխրոտ,

հրե խոսքեր են գալարվում նրանց

այրվող լեզվի տակ – անծպտուն, տենդոտ,-

մտքում նզովքի ձիգ շարաններ կան

և ազնվաջիղ վճիռներ ու կամք,՝

որ ցնցելու են ոսոխին, նաև

վերնահարկերն ու ամբոխներին խև:-

Ցասման որդիներ – հողոտ ու աստղոտ,

մի քիչ՝ դիցական, առավել՝ անշուք,

իսկ վավերական անգիր մի թղթով –

նրանք ծագում են երկրի կարոտից,

երազից նախնյաց ու Աստծո սիրուց,-

ու չի գրգռում ցասումը նրանց

այնպես – աշխարհի հեգնանքը ինչպես,-

շոյվում են, սակայն, և մանկան նման

ամեն շրշյունից հուշի ու ծաղկի,

որ զարդարում են հայրորեն տևող

լսողությունն անխախտ-ցեղային:-

Ցասումը նրանց – ո՜ւժ է արարիչ

և ոչ ավերի զարկ ու պայթուցիկ,-

խորհում են ուստի խոր ու նախաբան՝

մինչ իրենց գտնեն վեհության լանջին,

ու երբ կհասնի պահը սլացիկ,

կարշավեն նրանք ոգու լեռներով…

05.11.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment