Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ, հանդիպել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը նշել է, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ` հավելելով, որ վերջին շրջանում արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումներին, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում բացվող հեռանկարներին: