ՔՊ-ն մանրակրկիտ քննում ու «հավատարմության երդում» է պահանջում ընտրացուցակում առաջադրված թեկնածուներից․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիրը» պատգամավորության թեկնածու առաջադրված 380 թեկնածուին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դո՞ւրս թողնել մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղոում անելով իր աղբյուրներին:

ՔՊ վարչությունը, ըստ թերթի, դեկտեմբերի 9-ին առաջին խմբին է ընդունել, մեկ-մեկ կանչել ամբիոնի մոտ, հարցեր տվել:

Թերթի տեղեկություններով՝ շարքային կուսակցականներին, պասիվ պատգամավորներին հարցրել են՝ ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ, ի՞նչն եք փոխելու, ի՞նչն այնպես կանեք կամ չեք անի, եթե դառնաք պատգամավոր և այլն: Հետաքրքրվում են նաեւ՝ ո՞վ որտե՞ղ է աշխատում կամ աշխատել:

Նրանցից հավելյալ հավատարմության երդումներ են փորձել ստանալ կուսակցության կարևոր որոշումների շուրջ, նշել է լրատվականը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի պատգամավոր կանայք արդեն ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել իրենց՝ ընտրվելու դեպքում անելիքների մասին: Նրանց թվում են եղել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթևիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանն ու Լիլիթ Ստեփանյանը:

Մամուլը ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:

Leave a Comment