Հանրային գործիչ Միհրան Հակոբյանի ծեծի ենթարկելու ֆոնին իշխանությունները կարող են բարձրացնել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի պաշտոնանկության հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ իրավապահները կարծում են, որ Հակոբյանին ծեծի են ենթարկել վերջերս արված, ապա ջնջված մի գրառման համար, որտեղ ասված էր, թե «ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ու Վարդապետյանը սիրային կապի մեջ են»։
Թերթի տեղեկությամբ՝ «Քաղաքացիական պայմանագրում» վաղուց են դժգոհ գլխավոր դատախազի գործունեությունից, հետևաբար քննարկում են «պաշտոնյաների կապն օգտագործելու» տարբերակը:
Եկեղեցու դեմ իրականացվող արշավանքների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմին հորդորել էր կարգի բերել իրենց ամուսնական հարաբերությունները, դադարեցնել արտամուսնական կապերը, որպեսզի կուսակրոնության ուխտը խախտելու քողի տակ ընթացող այս արշավը չդառնա ավելի խոցելի, հիշեցրել է թերթը։
Նոյեմբերին մամուլը գրել էր, որ Փաշինյանն արգելել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչերին ամուսնալուծվել։
Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել բժշկական կենտրոնից Հակոբյանի՝ ծեծի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխվելու մասին։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել:
