Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Նույն օրը կայացել է երկկող համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստ, կողմերը համաձայնեցրել և ստորագրել են տարբեր, այդ թվում ռազմաարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին տասնվեց պայմանագիր: Բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահը և Հունգարիայի վարչապետը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Դատելով այդ առթիվ «Անադոլու» պետական գործակալության տեղեկատվությունից, Հունգարիայի վարչապետի Թուրքիա այցը «ստուգողական» է և առնչվում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը:
Տպավորություն է, որ Վիկտոր Օրբանը խնդիր է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին «համոզելու», որ նա ավելի պարզորոշ աջակցի ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագրին, ինչին, կարծես, Թուրքիայի նախագահը դեմ չէ, եթե Հունգարիան նրան աջակցի Եվրամիությանն անդամակցելու «ռազմավարական նպատակի» իրականացման գործընթացում:
Խիստ ուշագրավ և ակնհայտորեն խորհրդանշական է, որ Հունգարիայի վարչապետը Թուրքիա է մեկնել, երբ Լոնդոնում Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Մերցի հետ:
Այդ բանակցությունների արդյունքների մասին կարելի է դատել Սթարմերի այն հայտարարությունից, որ Ուկրաինային «վերաբերող հարցերում որոշում կարող է ընդունել միայն Ուկրաինան»: Եվրոպական «եռյակը» և Ուկրաինան փաստացի մերժել են Թրամփի ծրագիրը:
Ի՞նչ արդյունքի է հասել Վիկտոր Օրբանը, թույլ է տալիս եզրակացնել ուկրաինական կարգավորման մասին Էրդողանի բազմիմաստ և մի քանի մեկնաբանության տեղ թողնող ձևակերպումը:
«Պատերազմում հաղթող չի լինում, արդարացի խաղաղությունը ոչ մեկի համար պարտություն չէ»: Մամուլի համար հայտարարությամբ գրեթե նույնն է ասել Հունգարիայի վարչապետը: «Պատերազմը հարց չի լուծում, եկել է խաղաղության ժամանակը»:
Հունգարիայի վարչապետն, ընդսմին, ակնհայտորեն ինտրիգային միտք է արտահայտել. «Առայսօր պարոն Էրդողանը ռուս-ուկրաինական կարգավորման ամենահաջողակ միջնորդն է»: Վիկտոր Օրբանը եվրոպական գրեթե միակ քաղաքական գործիչն է, ում Դոնալդ Թրամփը իր մերձավորն է ճանաչում:
Եվ եթե նա իրեն թույլ է տվել ուկրաինական կարգավորման միջնորդության հարցում «զեղչել» Թրամփին և հաջողակության «դափնին» վերապահել Էրդողանին, պետք է ենթադրել, որ Վաշինգտոնը դեմ չէր լինի, եթե Թուրքիան վերստին ստանձներ ուկրաինական կարգավորման միջնորդությունը:
Խնդիր է, թե այդ հեռանկարը որքանով ընդունելի կլինի Ռուսաստանի համար: Թրամփի ծրագրի «տապալումը» պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան, ինչպես Վլադիմիր Զելենսկին է Լոնդոնում հայտարարել, ոչ իր սահմանադրությամբ, ոչ միջազգային, ոչ էլ բարոյական իրավունքով «չի կարող սեփական տարածքներից հրաժարվել»:
Ընդ որում, նա պարզ ասել է, որ այդ հարցում Թրամփի և Ուկրաինայի պատկերացումները տարբեր են: Էրդողանը և Օրբանը կարո՞ղ են կրակի դադարեցման և Ղրիմի ու «Նովոռուսիայի» հարցում Պուտինին զիջումներ «պարտադրել»:
Ըստ էության՝ ոչ: Բայց նրանց նախաձեռնությունը, երևի, թույլ կտա, որ ԱՄՆ նախագահը բարդ իրավիճակը հաղթահարի: Իսկ Ուկրաինայում պատերազմն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի:
Զելենսկին վստահ է, որ ԱՄՆ-ը կշարունակի սպառազինություններ վաճառել, որովհետև «դա ձեռնտու է և համապատասխանում է նրա ներկայիս քաղաքականությանը»: