«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հրավիրել էին Քննչական կոմիտե՝ «Սրբազան պայքարի» գործով հարցաքննության, հայտնել է պատգամավորը։
Նա մանրամասել է, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալ՝ հայտարարելով, որ դա քաղաքական գործ է և որևէ իրավական պրոցես տեղի չի ունենում։ «Դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակում հետապնդում է և ես հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ»,- նշել է Սաղաթելյանը։
Նա հիշեցրել է, որ երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գտնվում էր ԱԺ-ում՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռմխելիությունից զրկելու և կալանքի տանելու հարցով, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «կրքով ու ջանասիրությամբ» պահանջում էին անձեռմխելիությունից զրկել նաև իրեն ու Գառնիկ Դանիելյանին։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
