Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար, մեկուսարանից հայտարարել են արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը, Բագրատ Գալստանյանը և Արշակ Խաչատրյանը։ Արքեպիսկոպոսների նամակը հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նամակում շեշտվում է, որ հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։
«Նողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին»,- նշել են արքեպիսկոպոսները։
Ազատազրկված հոգևորականները հավելել են, որ այդ հանցավոր զինված բանդայի՝ դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը «գտած», սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցագործ սուբյեկտների կողմից։
«Սակայն վստահ ենք, պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք՝ խղճի կալանավորներս»,- ընդգծել են նրանք։
ԶԼՄ-ներն այսօր ավելի վաղ գրել էին, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը երկամսյա կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի այն խցում, որտեղ Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսներն են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, որ հանդիպել էին Փաշինյանին, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Դեկտեմբերի 7-ին Փաշինյանն առաջարկել էր պատարագից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը։ Դեկտեմբերի 8-ին նա հայտարարել էր, որ պետք է քննարկվի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։
