9 դեկտեմբերի 2025 – 17:46 AMT
PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակը, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք»։
Նա հավելել է, սակայն, որ այն դասարանները, որտեղ բացակայությունները գերազանցում են 20 տոկոսը, կարող են անցնել հեռավար ուսուցման։
Ըստ նրա՝ եթե համաճարակային իրավիճակը հասնի այնպիսի մակարդակի, որ պահանջվի ամբողջական դասապրոցեսի վերաբերյալ որոշում, համապատասխան քայլեր կձեռնարկվեն։
Ավանեսյանը հայտնել է նաև, որ ներկայումս երկրում շրջանառվում է գրիպի A տիպի վիրուսը, որը բավականին ագրեսիվ է։
Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են՝ շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: