9 դեկտեմբերի 2025 – 18:18 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է 551 մլրդ 434.5 մլն դրամի շինարարություն, ինչը 2024-ի նույն ամիսների համեմատությամբ աճել է 20.6 տոկոսով։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։
Ընդհանուր շինարարական ծավալի 26.3 տոկոսն իրականացվել է պետական բյուջեի հաշվին, կազմելով 145 մլրդ 202.2 մլն դրամ, ինչը 38.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Արմենպրեսը։
Համայնքների ֆինանսավորմամբ կատարված շինարարության ծավալը կազմել է 27 մլրդ 913.2 մլն դրամ՝ աճելով 28.4 տոկոսով։ Այս ուղղությունը կազմում է ամբողջական շինարարության 5.1 տոկոսը։
Կազմակերպությունների կողմից կատարված շինարարությունը հասել է 256 մլրդ 321.6 մլն դրամի՝ ապահովելով ընդհանուր ծավալի 46.5 տոկոսը։ Այս ցուցանիշն աճել է 15.5 տոկոսով՝ համեմատած 2024-ի նույն ժամանակահատվածի հետ։ Միևնույն ժամանակ, օտարերկրյա ներդրողների հաշվին իրականացված շինարարության ծավալը նվազել է 2.4 տոկոսով՝ հասնելով 1 մլրդ 272 մլն դրամի։
Բնակչության կողմից կատարված շինարարությունը կազմել է 120 մլրդ 117.2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14.9 տոկոսով։ Այս ուղղությունը ներկայացնում է ընդհանուր շինարարության 21.8 տոկոսը։