Գրիգորյան․ Պետական համակարգի նորացումը մեր քաղաքականության առանցքն է

Գրիգորյան․ Պետական համակարգի նորացումը մեր քաղաքականության առանցքն է

9 դեկտեմբերի 2025 – 18:27 AMT

PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմիցՀայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցիներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:

Նա նշել է, որ պետական համակարգի արդիականացումը բոլոր քաղաքականությունների առանցքում է։

Միջոցառմանը ներկա են եղել պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ։ Տեղեկությունը փոխանցվել է Կառավարության մամուլի ծառայության կողմից։

«Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց ռազմավարական կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրային ֆինանսների կառավարման, հակակոռուպցիոն պայքարի և հանրային կառավարման այլ ուղղություններով։ Այս արձանագրումներն առկա են նաև այսօր Ձեզ ներկայացվող զեկույցում։ Մեր առաջընթացն անհնար կլիներ առանց հանրային հատվածում աշխատող նվիրված անձանց ու զարգացման գործընկերների աջակցության»,- նշել է Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետը ընդգծել է, որ զեկույցում կիրառվել է նույն մոտեցումը, որն օգտագործվում է ԵՄ ինտեգրման գործընթացում գտնվող երկրների դեպքում, ինչը գնահատման գործընթացին ապահովել է համադրելիություն և օբյեկտիվություն։

«Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է, քանի որ առանց դիմակայուն ինստիտուտների ու մրցունակ հանրային ծառայության չենք կարող արդյունավետորեն իրականացնել մեր քաղաքացիներին տված խոստումները»,- նշել է փոխվարչապետը։

Նա հայտնել է, որ առաջիկայում կմեկնարկի Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակումը, որը հիմնված կլինի զեկույցում ներկայացված առաջարկությունների վրա։

Որպես հիմնական ուղղություններ՝ Մհեր Գրիգորյանը մատնանշել է քաղաքականությունների մշակման որակի շարունակական բարձրացումը, պետական ծառայությունների ամբողջական թվայնացումը՝ ապահովված կիբեռանվտանգության բարձր ստանդարտներով, ինչպես նաև հանրային ծառայության գրավչության և մասնագիտական ներուժի ամրապնդումը։

Իր խոսքի վերջում փոխվարչապետը նշել է, որ բարեփոխումների այս ճանապարհը Հայաստանը պետք է անցնի միջազգային գործընկերների հետ համատեղ՝ ի շահ հանրային կառավարման զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։

Միջոցառումն ավարտվել է թեմատիկ քննարկումներով։

Միջոցառմանը ներկա են եղել պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ:

Leave a Comment