9 դեկտեմբերի 2025 – 18:31 AMT
PanARMENIAN.Net – Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում անցկացվելիք CoP17 համաժողովի պաշտոնական տարբերանշանը։
Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։
CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։
Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։ Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը:
Նախարարությունը ներկայացրել է նաև համաժողովի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», որը խորհրդանշում է շրջակա միջավայրի պահպանության ներկա քաղաքականության առանցքային ուղղությունը։
Կարգախոսը կոչ է անում խոսքերից անցնել նպատակային և համակարգված քայլերի՝ պահպանելու և վերականգնելու կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները։
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։