Առանձին դասարաններ կարող են անցնել հեռավարի․ ԱՆ-ն հայտարարել է ատիպիկ վարակների ակտիվացման մասին

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման ֆոնին դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չկա, սակայն 20%-ից ավել բացակայություն ունեցող դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ կրթության գործընկերների հետ որոշվել է մի կողմից պաշտպանել սովորողների առողջությունը, մյուս կողմից էլ չխաթարել դասապրոցեսը։

«Ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն և այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում, ուզում եմ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք»,- հայտարարել է նախարարը։

Նա նաև հորդորել է պատվաստվել այն աղաքացիներին, ովքեր չունեն ախտանիշներ։

«Այսօր շրջանառվող գրիպի շտամը ատիպիկ շտամ է և բավական ագրեսիվ է, պատվաստանյութում առկա հակամարմինները վստահ եղեք պաշտպանիչ շերտ կձևավորեն և չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք»,- պարզաբանել է Ավանեսյանը։

Դեկտեմբերի 5-ին հայտնել էինք, որ Հայաստանում սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են, հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Leave a Comment