9 դեկտեմբերի 2025 – 17:09 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում ունեցած ելույթում ասել է, որ էներգետիկ անվտանգության շուրջ ՀՀ-ԱՄՆ համապարփակ երկկողմ գործընկերության փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի մեծացնել Հայաստանի էներգետիկ դիմակայունությունը՝ արդիականացնելով ու ընդլայնելով արտադրությունը:
«Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային գործոններից են քաղաքացիական միջուկային էներգետիկայի մասով կարողությունները։ Այս նպատակով ԱՄՆ–ն ու Հայաստանը բանակցություններ են վարում այսպես կոչված «123 համաձայնագրի» շուրջ, որը ԱՄՆ–ին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ»,-ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
Ըստ դեսպանի՝ այս համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը։
«Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով և անվտանգ շահագործման ապահովման և էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ՝ ապագայի համար։
Էներգետիկ անվտանգության շուրջ մեր գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին»,-ասել է նա։
Դեսպանը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է 3 փոխըմբռնման հուշագիր Հայաստանի հետ, որոնցից յուրաքանչյուրում հստակ գծագրվել է երկկողմ հարաբերությունների ապագա ուղղվածությունն ու Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանում առաջատար ուժ, հայտնում է Aysor.am-ը։
Ըստ դեսպանի՝ հուշագրերը կենտրոնացած են երկու առանցքային ոլորտների վրա՝ բիզնես և անվտանգություն, որոնք փոխլրացնում են միմյանց և ձևավորում կայուն համագործակցության հիմք։
«Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ հուշագրերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց»,-ասել է նա։
Նա խոսել է նաև «Թրամփի ուղու» մասին՝ նշելով, որ այն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացում է նոր դարաշրջան առևտրային հնարավորությունների ու կապուղիների ոլորտում, գրում է Factor.am-ը։
Դեսպանը հավելել է, որ «Թրամփի ուղու» ներքո Հայաստանն արդեն սկսել է ամրապնդել իր կապը գլոբալ շուկաների հետ՝ ձեռք բերելով ինքնուրույնություն՝ ընտրելու առևտրային գործընկերներ և առավել շահեկան պայմաններով համաձայնագրեր կնքելու հնարավորություն։ Դեսպանը նշել է, որ այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլ նաև հանդիսանում է հզոր խթան Հայաստանի տնտեսության վերակառուցման և միջազգային ներդրումների ներգրավման համար։
Նա կոչ է արել գործարար համայնքին միանալ այս նոր հնարավորություններին և դառնալ Հայաստանի վերածնվող տնտեսական ուղու ակտիվ մասնակից։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։