Կփակվեն, արդյոք, դպրոցներն ու մանկապարտեզները շրջանառվող վիրուսների պատճառով․ նախարարը պարզաբանում է իրավիճակը (ՎԻԴԵՈ)

Ավանեսյանն անդրադարձել է վիրուսների հետևանքով դպրոցների փակման թեմային․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Սակայն ունենք աշխատանքի հստակ մեթոդ և գծագրված մեխանիզմ, ըստ որի՝ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման», – հայտարարել է Ավանեսյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։


Նրա խոսքով, նախարարությունն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում թե հիվանդացության և թե առողջության առաջնային պահպանման օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի մասով, մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների թվի մասով:


«Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս հետմոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որպեսզի վարակի թվաքանակն այդ դպրոցներում իջնի, մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ Բոլոր համաճարակաբանական գործիքները կիրառվում են ըստ ցուցման, և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք», – նշել է Ավանեսյանը։


Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Ավանեսյանը հորդորել է օր առաջ պատվաստվել: 


«Այսօր շրջանառվող գրիպի շտամը Ա տիպի շտամ է և բավականին ագրեսիվ է: Դրա պատվաստանյութում առկա հակամարմինները, վստա՛հ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն, և չեք վարակվի այս տարվա ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում թեթև ախտանշաններ կլինեն»,- ասել է նա:


Leave a Comment