Գերմանիայում 30 տարուց ավելի բնակվող լուսանկարիչ և մշակութային գործիչ Ռուզաննա Այզենմենգեր-Կարապետյանը վստահ է՝ Եվրոպային պետք չէ զարմացնել ճոխ սեղաններով, այլ բարձրարվեստ կոնցեպտներով։ Նա գտել է բանալին, թե ինչպես գերմանացուն, ով ոչինչ չգիտի Հայաստանի մասին, ստիպել սիրահարվել դուդուկին, Սայաթ-Նովային ու Երևանին։
«Հայավարի» բախտն ու գերմանական էլիտան
Ռուզաննա Կարապետյանի պատմությունը սկսվում է ոչ թե ստանդարտ էմիգրացիոն դժվարություններից, այլ մի հաջողությունից, որն ինքը կոչում է «հայավարի բախտ»։ Նրան հաջողվում է աշխատանքի անցնել Բեռլինի լեգենդար «Galerie Bremer»-ում՝ մի վայրում, որը լուրջ ավանդույթներ ուներ։ Սա դառնում է նրա «մուտքի տոմսը» դեպի գերմանական մշակութային էլիտա։
«Իմ նպատակը միշտ եղել է գերմանացիներին մոտենալը և նրանց մոտ հետաքրքրություն առաջացնելը Հայաստանի նկատմամբ։ 30 տարի առաջ նրանք բացարձակ տեղյակ չէին մեր երկրից»,-պատմում է Ռուզաննան։
«Էնտուզիազմով» Ռուզաննան անկեղծորեն խոսում է ցավոտ իրականության մասին. մեր հարևանները՝ վրացիները, թուրքերը, ադրբեջանցիները, Գերմանիայում աշխատում են պետական լուրջ աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Վրաստանը դառնում է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատվավոր հյուր, իսկ հայերը հաճախ ստիպված են լինում ապավինել միայն սեփական խենթությանը և հայրենասիրությանը։
«Դու պիտի շատ սիրես քո երկիրը, որ անես դա,-նկատում է նա ու անկեղծանում, -սակայն կտրականապես դեմ եմ հայկական ցածրորակ երեկոներին։ Ես շատ կատեգորիկ մարդ եմ, չեմ սիրում միջոցառումներ, որտեղ սեղաններ են դնում, ուտում-խմում, երգիչներ են նվագում… Դա իմ աշխարհը չէ։ Ես ուզում եմ, որ լինի բարձր մակարդակ, որ գերմանացիները գան»։
Դիվանագիտություն՝ առանց դիվանագետի անձնագրի
Պարզվում է՝ գաղտնիքը անձնական կապերն են։ Ռուզաննա Այզենմենգեր-Կարապետյանը կարողացել է Գերմանիայում հայտնի երգիչ Դիրկ Միխայելիսին բերել Հայաստան, իսկ նրա խմբում ընդգրկել դուդուկահարի։ Արդյունքում գերմանացի հանդիսատեսը համերգից հետո հարցնում է ոչ թե երգչի, այլ «էն տարօրինակ գործիքի» մասին։ Ավելին, նա հասել է նրան, որ գերմանացի հայտնի համերգային կազմակերպիչն ինքն է ցանկացել կազմակերպել Սայաթ-Նովային նվիրված երեկո Բեռլինի ամենահեղինակավոր բեմերից մեկում։ «Պատկերացնո՞ւմ եք, գերմանացի դերասանը բեմից գերմաներեն արտասանում էր Սայաթ-Նովա ու նվագում քամանչա։ Դահլիճում նստած էր Ջեմ Օզդեմիրը (Գերմանիայի «Կանաչների» կուսակցության առաջնորդներից)։ Այ սա է իմ նպատակը»։
Հեղափոխական առաջարկ Սփյուռքին
Ռուզաննան վերջերս Երևանում մասնակցել է համահայկական ֆորումի և եկել մի պարզ, բայց հեղափոխական եզրահանգման․ նա առաջարկում է վերջ տալ անպտուղ ժողովներին ու անցնել կոնկրետ գործի՝ «միաժամանակյա տոնակատարություն»։
«Մենք բոլորս պիտի պայմանավորվենք. օրինակ՝ ամբողջ Սփյուռքը՝ Ֆրանսիայից մինչև ԱՄՆ, նույն օրը, նույն ժամանակահատվածում նշում է Սայաթ-Նովայի տոնը կամ Ավետ Տերտերյանի ծնունդը։ Այ սա կլինի միասին աշխատել։ Ոչ թե բյուրոկրատական նամակներ գրել, այլ կոնկրետ գաղափարի շուրջ համախմբվել»,-ասում է նա։
Ի՞նչ է սպասվում. քաղաքականություն, պոեզիա և Երևան
Ռուզաննան կանգ չի առնում։ Արդեն դեկտեմբերի 10-ին Գերմանիայի Կաթոլիկ ակադեմիայում՝ «Քաղաքականություն և պոեզիա» խորագրով միջոցառման շրջանակում, նա ներկայացնելու է Հայաստանը՝ կողք կողքի դնելով Մաշտոցին, Չարենցին ու Սևակին։ Իսկ 2026-ի գարնանը Բեռլինում սպասվում է մեծ իրադարձություն՝ «Hommage an Jerewan» («Ձոն Երևանին»)։ «Երևանը շատ ծերուկ է, բայց միայն ծերուկ չէ. նա շատ սիրուն կին է, մեծացել է, բայց շարմը պահել է։ Ես ուզում եմ, որ գերմանացիները տեսնեն այդ շարմը»,- եզրափակում է նա։