9 դեկտեմբերի 2025 – 15:57 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձրաստիճան հանդիպման շրջանակում, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ասել է, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բազմակողմ գլոբալ և տարածաշրջանային համակարգերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործիքների ձևավորումը չեն ապահովել ցեղասպանությունների և զանգվածային հանցագործությունների արդյունավետ կանխարգելում:
Ելույթը հնչել է «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։
Աբիսողոմոնյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացումը և պատերազմական միջոցների կատարելագործումը ևս չեն նվազեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։ Այս իրադրության պայմաններում նա կարևորել է կանխարգելման համատեքստում ժամանակին արձագանքելու և միջազգային համախմբված գործողությունների անհրաժեշտությունը։ Նա շեշտել է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես խոցելի խմբերի դեպքում, պետք է դառնան վաղ նախազգուշացման համակարգի հիմնական առանցքը։
Իր ելույթում փոխնախարարը ներկայացրել է վաղ նախազգուշացման և արձագանքման համակարգերի հայեցակարգային բնույթի մարտահրավերները՝ ընդգծելով, որ հաջող գործողության համար անհրաժեշտ է հավասարակշռված համակարգում գործառնական և քաղաքական բաղադրիչների միջև։ Այս համատեքստում նա առանձնացրել է 2024 թվականին Հայաստանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի կարևորությունը։
Նա անդրադարձել է նաև ՄԱԿ-ի շրջանակում ընթացող 80-ամյակի բարեփոխումների համատեքստում համակարգային փոփոխություններին՝ փաստելով, որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես գլոբալ ու տարածաշրջանային համաձայնությունների խախտումներով, այնպես էլ պետությունների քաղաքականության մեջ անվտանգային բաղադրիչի գերակշռությամբ, ինչը նպաստել է ՄԱԿ-ի համակարգի կենսունակության ապահովման հրատապությանը։
Իր խոսքի ավարտին՝ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման ու ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների հաշվետվողականության մեխանիզմների շարունակական զարգացմանը։
2025 թվականի սեպտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։
Դեկտեմբերի 9-ին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակում անցկացվում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը։