9 դեկտեմբերի 2025 – 15:51 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին իր ելույթի խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ՔրիստինաՔվինը հայտարարել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ։
Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն այս տարվա առաջընթացի միայնառաջին քայլնէր, հայտնում է Aysor.am-ը։
«Նախագահ Թրամփի հեռատես ղեկավարության ներքո մենք մեծ քայլեր ենք կատարել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ասպարեզում, որն ընդամենը մի տարի առաջ կարող էր անհնար թվալ։
Օգոստոսի 8-ի գագաթնաժողովում նախագահ Թրամփը հյուրընկալեց վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, և դա դարձավ մեր հարաբերություններում բեկումնային կետ, որտեղից հետդարձ այլևս չկա։
Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության են հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը։ Այս առաջընթացը շահեկան կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից սկսած մինչև Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Սակայն ոչ մի երկրի համար դա այնքան շահեկան չէ, որքան Հայաստանի համար։
Օգոստոսի 8-ի պատմական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը։ Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և մենք կշարունակենք աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ»,-ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։