Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երրորդ դատական հայցն է ներկայացրել «Իմնեմնիմի» փոթքասթի հաղորդավար, այժմ կալանքի տակ գտնվող Վազգեն Սաղաթելյանի դեմ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանը պահանջել է Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցնել Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձևով. տեղադրել հայտարարություն իր ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից»:
Ըստ դատական պահանջի, Սաղաթելյանը պետք է բովանդակությունն այսպես շարադրի. այսպես՝ «09.11․2025.-ին www.youtube.com կայքով ուղիղ եթեր հեռարձակվող « LIVE. 3-րդ նախագահի հետ մեր թողարկման, դրա արձագանքների և հիստերիկ նոպաների մասին «Իմնեմնիմի # 223» վերնագրով փոդքաթի ժամանակ կատարել եմ արտահայտություններ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ իմ կողմից կատարված արտահայտություններն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Սիմոնյանը նաև գումարի պահանջ է ներկայացրել` բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես Տեսանյութի մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, բռնագանձել ընդհանուր 410 000 (չորս հարյուր տասը հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 360 000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Նոյեմբերի 25-ին հայցն ընդունվել է վարույթ: Նշենք, որ նոյեմբերի 11-ին ևս դատական հայց է ներկայցրել Վազգեն Սաղաթելյանի դեմ, պահանջելով մոտ 2,5 միլիոն դրամ, իսկ առաջին դատական հայցը ներկայացրել էր օգոստոսին, նույն հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանի անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու համար: Հերքում և երկու միլիոն դրամ է կրկին պահանջել Վազգեն Սաղաթելյանի:
Հավելենք, որ նոյեմբերի 13-ից կալանքի տակ է գտնվում Վազգեն Սաղաթելյանը: Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում էր տվել Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որպեսզի իրավական գնահատական տան «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ հնչած վիրավորական արտահայտություններին և սպառնալիքներին:
Սոնա Գրիգորյան