Կոռուպցիան ծաղկում է այնտեղ, որտեղ փողը դառնում է ապրելու իմաստ, կուռք, գերագույն արժեք։ Դեկտեմբերի 9-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Առիթ է հասկանալու՝ ինչո՞ւ Հայաստանում դեռ կա կառուպցիա, ինչո՞ւ ընկալման համաթիվը մնում է նույնը։
2025-ի սկզբին Թրանսփարենսի Ինթերնեշնլի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում Կոռուպցիայի ընկալման 2024 թվականի համաթիվը 2023 թվականի համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։
Հայաստանում արձանագրված բազմաթիվ դեպքերով անցնում են հիմնականում մանր ու միջին պաշտոնյաները, որոնք ՔՊ-ին խորթ են կամ ՔՊ-ի ղեկավարության հետ խորքային տարաձայնություն ունեն։ ՔՊ-ն այդ հանցանքների պատասխանատվությունը չի կիսում, ներողություն չի խնդրում ժողովրդից, որ իր իշխանության օղարկներում պաշտոնյաները այդպիսի վատ բաներ են արել։
Կոռուպցիայի լճացման պատկերի հետ տրամաբանական բախման մեջ է Նիկոլ Փաշինյանի հավաստիացումը, թե Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա, ուղղահայաց սխեմաներ չկան։ Այսինքն՝ կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաները գործում են ինքնագլուխ՝ առանց Փաշինյանի ուղղակի ցուցումի ու գիտության։ Ինչո՞ւ է նրանց հաջողվում փորել պետության հիմքերը, տրորել կամ շրջանցել օրենքը, կոտրել մարդկանց հավատն արդարության և օրենքի հանդեպ։
Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասած երկրների օրինակը ցույց է տալիս, որ այդտեղ հասարակությանը միավորող արժեքներ կան, արժեքային սյուներ, որոնց վրա կառուցվում են հասարակական հարաբերությունները, հանրային մշակույթը։ Մարդիկ այս երկրներում ազնիվ են, արդարամիտ, ժուժկալ, ներդաշնակության մեջ են, նրանց բարձրագույն արժեքը փողը չէ։ Արժեքահեն մտածողությունը դաստիարակվում է դպրոցում, հոգևոր ուսուցիչների կողմից, մշակույթի միջոցով։ Դաստիարակության առանցքում, ստեղծագործությունների հիմքում արժեքներն են։ Հոգևոր քարոզչության իմաստն արժեքների սերմանումն ու պաշտպանումն է։ Եվ այս ընդհանուր գործի գլխավոր կազմակերպիչը քաղաքականություն որոշողն է։
Օրինակ՝ երբ գերարժեքը պետությունն է, ապա մարդը պատրաստ է կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Երբ Աստվածն է ամենաբարձրը, ապա մարդն ի սեր Աստծո՝ առաքինի վարքով է ապրում, բարիք է ստեղծում, ձգտում ներդաշնակության հասրակության, բնության, Աստծո հետ։ Եթե օրենքն է ամենից վեր, ապա մարդը օրինապահ վարք է դրսևորում ամենուրեք, հարգում օրենքն ու իրավունքը։ Երբ հավասարությունն է բարձրագույն արժեք, ապա մարդը չի բաժանում հասարակությունը կաստաների, տեսակների։ Եթե փողն է ամենակարևորը, ապա մարդը հանուն փողի դիմում է նաև կոռուպցիայի։
Որոշ փորձագետների դիտարկմամբ՝ ՔՊ-ական իշխանությունները փողն են դարձրել կուռք։ Օրինակ՝ դպրոցների պատերին փաշինյանական կարգախոսը՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», ասոցիացիա է առաջացնում, որ լավ սովորելու նպատակը շատ փող ունենալն է։ Այս պատկերացումներով մեծացած պաշտոնյային ի՞նչը պիտի զսպի, որ նա ի սեր փողի՝ կոռուպցիայի մեջ չմտնի, կաշառք չտա ու չվերցնի, ատկատ չանի և այլն։
Գուցե Նիկոլ Փաշինյանն ուղղակի ներգրավված չէ կոռուպցիայի մեջ, կաշառք չի վերցնում, հովանավորչություն չի անում և այլն։ Սակայն այսքանը, ինչպես վկայում են ամենամյա զեկույցները, բավարար չէ։ Ենթադրելի է, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը մնում է 47, քանի որ ազնվության, արդարամտության, ժուկալության, օրինապահության, բարության հանրային ընկալումները մնում են նույնը, կրթության, դաստիարակության հայեցակարգերում արժեքային վերանայումներ չկան։ Պետպատվերով քանի՞ նոր ֆիլմ, երգ, հեքիաթ է գրվել բարի, արդար, ազնիվ, ժուժկալ, օրինապահ մարդու մասին։ Քանի՞ ուսուցիչ է խրախուսական մրցանակ ստացել արժեքահեն դաստիարակություն կազմակերպելու համար։ Քանի՞ ստաժավոր պաշտոնյա է խրախուսվել երկարամյա անկաշառ աշխատանքի համար։ Քանի՞ բարձրաստիճան ՔՊ-ական է 5-օրյա պաս պահում Սուրբ Ծննդից առաջ։
Պարզ ասած՝ ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման թվի լճացումը վկայում է, որ կոռուպցիայի դեմ համակարգված պայքար փաստացի չկա։ Իսկ եթե կա՝ արդյունավետ չէ։ Իշխանությունը, մտավորականը, հոգևորականը կազմակերպված ու փոխլրացնող ջանք չեն գործադրում օրինապահություն, առաքինություն, բարեպաշտություն սերմանելու հարցում։ Փոխարենը՝ կա փողի նշանակության քարոզ գրեթե բոլոր մակարդակներում։ Եվ քանի որ կարևորը փողն է, ապա Հայաստանում կոռուպցիան ոչ թե կնվազի, այլ առաջիկայում կավելանա, կդառնա համակարգային ու կուտի պետությո՛ւնն էլ, ժողովրդի՛ն էլ, այդ թվում՝ ՔՊ-ականին։ Եվ այս կանխատեսելի աղետի պատասխանատվությունը ևս ՔՊ-ական իշխանության վրա է։
Թաթուլ Մկրտչյան