Թրամփը ԵՄ-ի կողմից X-ի նկատմամբ կիրառված 120 մլն եվրո տուգանքը որակել է «վատ»՝ ասելով, որ Եվրոպան շարժվում է «վատ ուղղություններով»

Տուգանքի պատճառը ԵՄ թվային ծառայությունների կանոնակարգերի խախտումն է


ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վատ» է որակել Իլոն Մասկի X սոցիալական մեդիա ընկերությանը ԵՄ տեխնոլոգիական կարգավորող մարմինների կողմից սահմանված տուգանքը և ասել, որ չի հասկանում, թե ինչպես կարող են նրանք արդարացնել այդ քայլը, գրում է Reuters-ը։


Անցյալ շաբաթ ԵՄ կարգավորող մարմինները X-ին տուգանել են 120 միլիոն եվրոյով (140 միլիոն դոլար)՝ առցանց բովանդակության կանոնները խախտելու համար։


«Եվրոպան վատ ուղղություններով է շարժվում», – Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը՝ նշելով, որ ակնկալում է ստանալ ԵՄ տուգանքի վերաբերյալ ամբողջական զեկույցը։


Թրամփը նաև հայտնել է, որ Մասկը չի զանգահարել իրեն՝ այդ հարցի վերաբերյալ օգնություն խնդրելու համար։


«Եվրոպան պետք է շատ զգույշ լինի», – հավելել է նա։


Անցյալ շաբաթ Մասկը չի ընդունել տուգանքը իր հարթակում՝ այն որակելով «անհեթեթություն»։


ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և FCC (հաղորդակցությունների դաշնային հանձնաժողով)  նախագահ Բրենդան Քարը դատապարտել են այս քայլը՝ այն համարելով ամերիկյան ընկերությունների վրա հարձակում։


ԵՄ կարգավորող մարմինները հայտարարել են, որ X-ը խախտել է թափանցիկության պարտավորությունները, այդ թվում՝ հետազոտողներին հանրային տվյալներին հասանելիություն չտրամադրելով, թերի գովազդային պահոց պահպանելով և իր «կապույտ նշանով» ստուգման համակարգի համար «խաբուսիկ դիզայն» օգտագործելով։


ԵՄ թվային տեխնոլոգիաների բաժնի տնօրեն Հեննա Վիրկունենը արդարացի է համարել տուգանքը՝ ասելով, որ այն համաչափ է և ընդգծել, որ DSA-ն «կապ չունի գրաքննության հետ»։ Եվրոպական հանձնաժողովն էլ հայտարարել է, որ իր օրենքները որևէ ազգության չեն թիրախավորում, և որ այն պարզապես պաշտպանում է իր թվային և ժողովրդավարական չափանիշները։


Նշենք, որ ԵՄ-ն տուգանել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի X սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով։ Տուգանքի պատճառը ԵՄ թվային ծառայությունների կանոնակարգերի խախտումն է, մասնավորապես՝ կապույտ նշանի «խաբուսիկ դիզայնը»։

Leave a Comment