«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանները հրաժարվել են նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա նշել է, որ որոշումը կապված է Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգելու հետ։ Դեկտեմբերի 4-ին փաստաբանները միջորդել էին փոխել Գալստանյանի կալանքը՝ Եպիսկոպոսաց ժողովին նրա մասնակցությունն ապահովելու համար։
«Նկատի ունենալով, որ Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը»,- մանրամասնել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ «Սրբազան պայքար»-ի գործով մյուս դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Կարդացեք նաև՝
